Կառավարությունը սպանդանոցների խնդրի նոր լուծում ունի

Մինչև փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրերի այնպիսի կարգավորումներ, որոնցով սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի, այդ թվում տրանսպորտային տեխնիկայի ձեռքբերման համար կստեղծվեն լավագույն պայմաններ․ այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։

Վարչապետի խոսքով՝ օրենքը կսկսի կիրառվել 2020-ի հուլիսի 1-ից։

Փաշինյանը շեշտեց, որ անցումը սպանդանոցային համակարգին պարտադիր է, քանի որ բացի առողջապահական խնդիրներից, սա նաև երկրի վարկանիշի հարց է։ Ասաց, որ քաջատեղյակ է սպանդանոցների պակասի խնդրի մասին, բայց դա պատճառաբանում է նրանով, որ ռեֆորմի կիրառումը մի քանի անգամ հետաձգվել է։

«Եթե մեր քաղաքացիների համար ընդունելի է, մենք մինչև հուլիսի 1-ը միասին կաշխատենք, և այս պրոցեսը մինչև վերջ կտանենք՝ պայմանով, որ հուլիսի 2-ից այս թեմային այլևս չենք վերադառնալու»,- ասաց վարչապետը։

Կենդանիների սպանդանոցային մորթին անցում կատարելու մասին կառավարության որոշումը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել մսավաճառների ու գյուղացիների շրջանում։ Կառավարության շենքի դիմաց օրեր շարունակ բողոքի ցույցեր էին․ պահանջում էին՝ որոշումն ուժի մեջ մտցնելուց առաջ իրենց համար ապահովեն համապատասխան պայմաններ։

Ներկայում Հայաստանում գործում է 39 սպանդանոց, կառուցման փուլում է՝ ևս 35-ը։

Թեմայի վերաբերյալ ՍիվիլՆեթի տեսանյութը դիտե՛ք ստորև․

Սաթենիկ Հակոբյան

Մեկնաբանել