Էս երբվանի՞ց է երկակի չափանիշը մտել զոհերի ցավալի վիճակագրության մեջ

2020 թվականին Հայկական բանակում ունեցել ենք 12 զոհ, սակայն այս ողբերգությունը չի դառնում օրակարգի թեմա։

Ինչ ասես կարող է դառնալ թեմա՝ գրիչը, ՍԴ-ն, նրա պատերից կառչած Հրայր Թովմասյանը, հանրաքվեն, բայց ոչ բանակի զոհը։

Հայկական բանակի ներսը տաբուի նման մի բան է։ Հենց մի քննադատական բան ես գրում, իշխանություններն ու նրանց պաշտպանները վրա են տալիս՝ Ադրբեջանի ջրաղացին ջուր ես լցնում, թուրքը տեսնում՝ ուրախանում է, դրսից դրամաշնորհ ես ստանում՝ մեր բանակը վարկաբեկում։

Բոլոր իշխանությունների ժամանակ է եղել այսպես՝ ընտրված կամ չընտրված։

Երբ շփման գծում կամ Հայաստան-Ադրբեջան սահմանի վրա զինվոր է սպանվում հակառակորդի կրակոցից, դուք ասում եք՝ թշնամու կրակոցից էր, ցավակցական պատրաստի տեքստերը տարածում եք՝ փոխելով միայն անուն, ազգանուն, հայրանունը։

Հասարակությանը բթացրել եք զոհերի մասին ձեր ստանդարտ տեքստերով։

Երբ շփման գծում կամ Հայաստան-Ադրբեջան սահմանի վրա զինվորը սպանվում է ներքին կանոնադրական բացթողումների պատճառով, դուք պատասխանատվությունը թողնում եք քրեական ենթամշակույթի վրա։

Սա ի՞նչ անպատասխանատու մոտեցում է։

Էս երբվանի՞ց է երկակի չափանիշը մտել զոհերի ցավալի վիճակագրության մեջ։

Երբ մեկ տարվա կտրվածքով Հայկական բանակի զոհերի թիվը նվազում է, դա համարում եք «պատմական մինիմում»։

Երբ 40 օրվա ընթացքում 12 զոհ ենք ունենում, դրա մեղավորը Ադրբեջանն է, քրեական ենթամշակույթն է։

Նախկին իշխանությունները ավելի ցինիկ էին, ասում էին՝ բանակը հասարակության հայելին է։

Եթե մենք հրաժարվենք մեր երեխաներին ուղարկել Հայկական բանակ, դո՛ւք՝ բանակում չծառայած պաշտոնյաներ ու խորհրդարանի անդամներ, մեզ կմեղադրեք հայրենիքը չսիրելու մեջ։ Պաթետիկ ճառեր կասեք, որովհետև բանակում ծառայելու փոխարեն անպատասխանատու հայրենասիրություն եք սերտել

Եթե մենք հրաժարվենք մեր երեխաներին ուղարկել Հայկական բանակ, դո՛ւք՝ բանակում չծառայած պաշտոնյաներ ու խորհրդարանի անդամներ, մեզ կմեղադրեք հայրենիքը չսիրելու մեջ։ Պաթետիկ ճառեր կասեք, որովհետև բանակում ծառայելու փոխարեն անպատասխանատու հայրենասիրություն եք սերտել։

Երբ մենք մեր երեխաներին ողջ-առողջ հանձնում ենք ձեզ, իսկ դուք մեզ վերադարձնում ենք նրանց անշնչացած մարմինները, դուք մե՛կ մեղադրում եք անգութ թշնամուն, մե՛կ մեզ, որ մեր երեխաներին լավ չենք դաստիարակել, քրեական ենթամշակույթով ենք կերակրել։

Մենք պահանջում ենք մեր երեխաներին։ Մեզ պետք չէ լավ սննդակարգ ու մաքուր ներքնազգեստ, քանի դեռ պատասխան չեք տալիս մեր սպանված երեխաների համար։

Ադրբեջանի քթի տակ հայ զինվորը սպանում է հայ զինվորին, դուք ասում եք՝ լռե՛ք, թուրքը տեսնում՝ ուրախանում է, դուք անհասկանալի տեքստեր եք ասում քրեական ենթամշակույթի պատմությունից։

Ե՞րբ եք պատժելու զորամասի հրամանատարին ու զինվորական բոլոր պատասխանատուներին։

Պաշտպանության նախարարը պատասխանատու չէ, կորպուսի հրամանատարը պատասխանատու չէ, զորամասի հրամանատարը պատասխանատու չէ։ Կա՞ պատասխանատու, բացի ձեր սիրած անգութ թշնամուց ու քրեական ենթամշակույթից։

Սա ի՞նչ երկակի չափանիշ է։

Մենք ձեր երկակի չափանիշների համար 18-ամյա որդիներ չունենք։

Տե՛ս նաև՝

Հայկական բանակից մոր գիրկը վերադարձող որդին է «պատմական մինիմումը»

Մեկնաբանել