Իրանը՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին․ զրույց Արմեն Իսրայելյանի հետ

Փետրվարի 21-ին Իրանում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ։ Ուժերի դասավորության, ծրագրերի, ներքաղաքական մթնոլորտի շուրջ ՍիվիլՆեթի հարցերին պատասխանում է իրանագետ Արմեն Իսրայելյանը։

– Փետրվարի 21-ին Իրանում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ։ Ովքե՞ր են մասնակցում մրցավազքին, ովքե՞ր են դուրս մնացել։

– Իրանի 11-րդ գումարման խորհրդարանական ընտրություններին մասնակցում են ինչպես պահպանողական, այնպես էլ բարեփոխական կուսակցությունները: Այսինքն՝ այդ կուսակցությունները միավորվում, կազմում են դաշինքներ և յուրաքանչուր ընտրատեղամասի համար ներկայացնում են իրենց թեկնածուների ցուցակները, որոնց միջից էլ քաղաքացիներն ընտրում են իրենց նախընտրած թեկանծուներին: Սակայն մինչև թեկնածուների պաշտոնական գրանցումը, Սահմանադրության պահապան խորհուրդն ուսումնասիրում է թեկնածուների գործերը, և այն թեկնածուները, որոնց գործունեության նկատմամբ այդ կառույցը վերապահումներ է ունենում, պաշտոնապես գրանցվելու թույլտվություն չեն ստանում: Ներկայացված շուրջ 15 հազար թեկնածուներից միայն 7 հազարն են պաշտոնապես գրանցվել, այսինքն՝ թեկնածուների շուրջ 50 տոկոսի հայտերը մերժվել են:

Սահմանադրության պահապան խորհուրդը հիմնականում մերժում է բարեփոխականներին, սակայն քիչ չեն նաև հայտնի պահպանողական գործիչների մերժումները: Ընտրապայքարին մասնակցած թեկնածուների մեծ մասը պահպանողականներն են, բազմաթիվ ընտրատարածքներ կան, որտեղ ընդհանրապես մրցակցություն չի լինելու, այսինքն՝ մեծամասնությունը կազմելու են պահպանողականները:

Այս ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ Մեջլիսի գործող նախագահ Ալի Լարիջանին չի մասնակցում ընտրություններին․ 2008-ից նա անընդմեջ զբաղեցրել է խորհրդարանի նախագահի պաշտոնը: Փոխարենը պահպանողականների ճամբարից ընտրություններին մասնակցում է Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որը երկար տարիներ զբաղեցրել է Թեհրանի քաղաքապետի պաշտոնը:

– Որո՞նք են Հասան Ռոհանիի ու բարեփոխականների ծրագրերը։

– Գործող Մեջլիսը ունի հետևյալ կազմը՝ 42% բարեփոխական, 30% պահպանողական և 29% անկախ պատգամավորներ: Նկատենք, որ Մեջլիսի 290 տեղից 5-ը հատկացված է կրոնական փոքրամասնություններին: Իրանահայերին հատկացված է երկու տեղ:

Միջուկային համաձայնության ձախողումից հետո Հասան Ռոհանիի կառավարությունն ու նրա թիմը այլևս չունեն այն բարձր վարկանիշը, որը կար 2016թ. խորհրդարանական ընտրություններին: Այս ընտրություններին բարեփոխականների մի մասն ի սկզբանե մասնակցություն հայտ չէր էլ ներկայացրել՝ իր այդ քայլը հիմնավորելով այն հանգամանքով, որ այժմ երկրի քաղաքական դաշտում ձևավորված չէ այնպիսի մթնոլորտ, որը բարեփոխականներին թեկուզ ընտրվելուց հետո արդյունավետ գործելու հնարավորություն կտար:

Միջուկային համաձայնության ձախողումից հետո Հասան Ռոհանիի կառավարությունն ու նրա թիմը այլևս չունեն բարձր վարկանիշ։

Թեև Ռոհանիի պաշտոնավարումն ավարտվում է 2021թ. օգոստոսին, սակայն արդեն այսօր պահպանողականների շրջանում քննարկվում է այն հարցը, որ նոր խորհրդարանի ձևավորումից հետո պետք է նախաձեռնել Հասան Ռոհանիի պաշտոնանկության գործընթացը, քանի որ ըստ կառավարության ընդդիմախոսների՝ Ռոհանիի թիմը ձախողել է, և պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել փրկելու Իրանի տնտեսությունը:

– Որո՞նք են հիմնական պահպանողական ուժերը։

Մրցապայքարը հիմնականում ընթանալու է Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի, «Հեղափոխության կայուն ճակատ»-ի և ԻԻՀ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի թիմակիցների միջև: Թեև վերջին ամիսներին պահպանողականները փորձում էին ընտրություններին գնալ դաշինքով, սակայն մինչ օրս այդպես էլ նրանց չհաջողվեց բոլոր ընտրատեղամասերում ընտրություններին մասնակցել միասնական ցուցակով:

Բենզինի թանկացումը իրանցիներին դուրս է բերել փողոցներ

– Վերջին ամիսներին Իրանը ցնցեցին զանգվածային բողոքի ցույցեր՝ սոցիալական պահանջներով, արտաքին ճակատում գրանցվեց հարաբերությունների գերլարում ԱՄՆ-ի հետ՝ պայմանավորված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությամբ։ Ի՞նչ տեղ ունեն ներքին և արտաքին այս հարցերը նախընտրական օրակարգում։

Հասարակության զգալի հատվածը քաղաքական գործընթացների նկատմամբ անտարբեր է։

– Այս ընտրություններն անցկացվում են Իրանի համար վճռորոշ ժամանակաշրջանում, երբ երկիրը կանգնած է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին մարտահրավերների առաջ, և հասարակության զգալի հատվածը քաղաքական գործընթացների նկատմամբ անտարբեր է: Հատկապես վերջին բողոքի ցույցերից հետո իշխանությունների նկատմամբ անվստահությունը խորացել է: Եթե 2016թ. ընտրությունների ժամանակ քաղաքացիները դեռ ոգևորված էին և հույս ունեին, որ միջուկային համաձայնության լիակատար գործարկմամբ հնարավոր կլինի բարելավել իրենց սոցիալ-տնտեսական պայմանները, ապա այժմ իրավիճակն այլ է: Իշխանությունները լուրջ խնդիրներ ունեն նաև քաղաքացիների մասնակցության հետ կապված, այսպիսի ոչ մրցակցային պայմաններում դժվար կլինի մեծ մասնակցություն ապահովել:

Ինչ է կատարվում Իրանում․ հայացք ներսից

Հատկապես Սոլեյմանիի սպանությունից հետո պահպանողականները վերահաստատում են իրենց այն պնդումները, թե սխալ էր ԱՄՆ-ի հետ բանակցել և միջուկային համաձայնությունը ստորագրելու համար գնալ զիջումների: Բնականաբար Իրանում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի համար նրանք մեղադրում են Հասան Ռոհանիի կառավարությանը:

Եթե մինչև Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը Իրանի քաղաքական դաշտում քննարկումները հիմնականում ծավալվում էին Հասան Ռոհանիի տնտեսական քաղաքականության շուրջ, ապա այժմ առաջնահերթ է համարվում անվտանգության խնդիրը: Այսպիսի պայմաններում, երբ բարեփոխականների մեծամասնությունը չի մասնակցում ընտրություններին, իսկ պահպանողականներն էլ հայտնի են ԱՄՆ-ի և միջուկային համաձայնության վերաբերյալ իրենց կոշտ դիրքորոշումներով, նոր Մեջլիսը, որի մեծամասնությունը ամենայն հավանականությամբ կկազմեն պահպանողականները, գործող բարեփոխական կառավարությունը լուրջ խնդիրների առջև կկանգնի:

Զրուցեց Ստելլա Մեհրաբեկյանը

Մեկնաբանել