Հակոբ Արշակյանը Բակո Սահակյանի հետ քննարկել է ռազմարդյունաբերության և ռոումինգի սակագների հարցերը

Փետրվարի 18-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ․ հանդիպմանը քննարկվել են ռազմարդյունաբերության համալիրի և Հայաստան-Արցախ բջջային կապի ռոումինգ ծառայության սակագների նվազման հարցերը:

Հակոբ Արշակյանը նշել է, որ Արցախում կան ընկերություններ, որոնք ռազմարդյունբերության ուղղությամբ բավական լավ պոտենցիալ ունեն:

Սահակյանն ու Արշակյանը քննարկել են նաև բարձր տեխնոլոգիական ոլորտին առնչվող մի շարք հարցեր՝ մասնավորապես, կապի հասանելիության զարգացման ծրագրերը և դրանց հեռանկարները: Խոսելով Արցախի հետ բջջային կապի ռոումինգ ծառայության սակագների մասին՝ Արշակյանն ասել է, որ պայմանավորվածություններն արդեն իսկ ձեռք են բերվել, և 2019 թվականին գների նվազում եղել է:

«2020 թվականի հուլիսի 1-ից Արցախի հետ բջջային կապի ռոումինգ ծառայության սակագները դարձյալ կնվազեն։ Արցախի օպերատորը բավականին մեծ ներդրումային ծրագիր ունի այս տարվա համար: Նա հետևողականորեն աշխատանքներ է իրականացնում ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ, որը համացանցի հասանելիության առումով ավելի լայն հնարավորություն կտա ԱՀ բնակչությանը»,- տեղեկացրել է Հակոբ Արշակյանը։

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել