«Մի մակարդակ բարձր»՝ կրթության հատուկ կարիքներով երեխաների համար

Level Up․ անգլերենից թարգմանաբար սա նշանակում է «մի մակարդակ բարձր»։

Երևանում 2018-ից գործող Level Up կենտրոնը, որը զբաղվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությամբ, իսկապես մի մակարդակ բարձր է նմանատիպ այլ հաստատություններից։

Կենտրոնը քչաքանակ այն կրթական հաստատություններից է, որոնք ունեն հատուկ պայմաններ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսուցման համար:

Level Up կրթական կենտրոնի հիմնադիր, հատուկ հոգեբան և լոգոպեդ Հռիփսիմե Գրիգորյանն ասում է, որ սկզբնական շրջանում կենտրոնում գործել են միայն հատուկ հոգեբանի և լոգոպեդի անհատական ծառայություններ, ինչպես նաև կազմակերպվել են սեմինարներ, հատուկ դասընթացներ մասնագետների վերապատրաստման համար:

2019-ի դեկտեմբերից իրականացվում են նաև խմբային աշխատանքներ նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների հետ:

Այժմ կենտրոնում գործում են հետևյալ ծրագրերը.

1. Խմբային աշխատանք կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ,

2. Լոգոպեդի և հատուկ հոգեբանի անհատկան ծառայություններ,

3. Հատուկ մասնագետների վերապատրաստման դասընթացներ:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ խմբային աշխատանքը ներառում է արտ-թերապիա, ավազաթերապիա, զգայական թերապիա և ռելաքսացիոն թերապիա: Խմբում աշխատում են հատուկ հոգեբան, լոգոպեդ, հատուկ մանկավարժ:

Իմ այցի ժամանակ խմբում կար չորս երեխա, որոնք ունեին զարգացման տարբեր խնդիրներ: Յուրաքանչյուր երեխայի ցուցաբերվում էր անհատական մոտեցում:

Հատուկ մասնագետների վերապատրաստման դասընթացների շրջանակներում կենտրոնում իրականացվել են հետևյալ դասընթացները.

Աուտիզմ. վարքի փոփոխություններ. ինքնասպասարկում,

Լոգոպեդների պրակտիկ վերապատրաստում,

Աուտիզմով երեխաների հետ աշխատելու ծրագիր,

Աուտիզմ-վարքի փոփոխության ծրագիր:

Տաթևիկ Ղահրամանյան

Մեկնաբանել