Կորոնավիրուսի պատճառով տնտեսական զարգացումների ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա կլինի կարճաժամկետ․ ԿԲ

ՀՀ Կենտրոնական բանկը ուշադիր հետևում է կորոնավիրուսի պատճառով տեղի ունեցող համաշխարհային տնտեսական զարգացումներին․ այս մասին ասված է «Արմենպրես» գործակալությանը տված մեկնաբանությունում։

«ՀՀ Կենտրոնական բանկը ուշադիր հետևում է կորոնավիրուսի պատճառով տեղի ունեցող համաշխարհային տնտեսական զարգացումներին։ Այս պահի գնահատականների համաձայն ակնկալվում է, որ այդ ազդեցությունները թե՛ համաշխարհային տնտեսության, և թե՛ ՀՀ տնտեսության վրա կլինեն կարճաժամկետ։ Այնուամենայնիվ Կենտրոնական բանկը մշտադիտարկում է համաշխարհային տնտեսության, ֆինանսական և ապրանքահումքային շուկաների զարգացումները և գնահատում է այն կարճաժամկետ ազդեցությունները, որոնք կարող են գրանցվել ՀՀ տնտեսության վրա։ Անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը մշտապես պատրաստ է արձագանքել՝ ապահովելով գների և ֆինանսական կայունությունը Հայաստանի Հանրապետությունում»,- նշվում է մեկնաբանությունում։

***

Մարտի 9-ի տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը հասել են ավելի քան 110 հազարի, մահացել է ավելի քան 3 800 մարդ, առողջացել՝ ավելի քան 62 հազարը։

Մեկնաբանել