Իրանը Արժույթի միջազգային հիմնադրամից խնդրել է 5 մլրդ դոլար՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

Իրանը դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամ՝ խնդրելով տրամադրել 5 մլրդ դոլարի օգնություն՝ երկրում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով։ Ներկայում Իրանում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 10 հազար դեպք, որոնցից 429՝ մահվան ելքով։

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Թվիթերում հաստատել է տեղեկությունը․ «ԱՄՀ-ի Կրիստալինա Գեորգիևան հայտարարել է, որ կորոնավիրուսից տուժած երկրներին ֆինանսական օգնություն կտրամադրվի արագ ֆինանսավորման գործիքի միջոցով։ Մեր Կենտրոնական բանկն անմիջապես խնդրել է մատչում տրամադրել այդ մեխանիզմին»։

Իրանի արտաքին գործերի նախարարը միևնույն ժամանակ դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ կոչ անելով վերացնել Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները, որպեսզի երկիրը հնարավորություն ունենա պայքարելու կորոնավիրուսի դեմ։

Նամակում նա նշել է, որ Իրանին դեղամիջոցների, բժշկական սարքավորումների վաճառքի արգելքը բացասաբար է ազդել վարակի դեմ պայքարի վրա։ Իրանական նավթի վաճառքի վրա սահմանված պատժամիջոցները նվազեցրել են կառավարության ունակությունը՝ հոգալու բնակչության հիմնարար կարիքները։

#CivilNet #News

Մեկնաբանել