Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը չի կայանա. Factor.am

ՀՀ Երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը չի կայանա: Այս մասին հայտնում է Factor.am լրատվական գործակալությունը:

Դատավոր Աննա Դանիբեկյանը վատառողջ է։

Պաշտպանական թիմն ավելի վաղ փոխանցել էր, որ այսօր դատարան պիտի գային Հայաստանի և Արցախի նախկին վարչապետերը՝ Քոչարյանի ազատ արձակման համար անձնական երաշխավորություն տալու:

Նշվում է, որ ըստ էության, այս միջնորդության քննարկումը հետաձգվեց:

Նախատեսվում էր, որ Հայաստանի նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը մարտի 17-ին դատարանում պետք է հանդես գային Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկությամբ:

Քոչարյանի փաստաբանական թիմը հաղորդել էր, որ եթե բժշկական հստակ հակացուցում չլինի, հավանական է, որ Քոչարյանը կարճ ժամանակով կարողանա ներկա գտնվել վաղվա դատական նիստին։

Նախորդ շաբաթվա վերջին Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել էր «Նաիրի» ԲԿ, իսկ այնուհետև՝ «Էրեբունի» ԲԿ, որտեղ մինչ օրս շարունակում է ստանալ ստացիոնար բուժում։

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել