Ճգնաժամից դուրս գալու համար պետք է ծնվեն միջազգային ճարտարապետության բարեփոխումները․ Գորդոն Բրաուն

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունը հոդված է հրապարակել Financial Times թերթում, որում լուծումներ է առաջարկում համավարակից հետո ավելի խոցելի դարձած աշխարհի համար։ Նա նշում է, որ Մեծ քսանյակը՝ G20-ը, պետք է համաձայնեցված գործողություններով դիմագրավի այս մարտահրավերը։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկ տասնամյակ առաջ աշխարհի երկրները հասկացան, որ եթե չմիավորվեն, ապա դա վատ ավարտ կունենա նրանցից յուրաքանչյուրի համար առանձին վերցրած։ Այդ նույն միասնությունն անհրաժեշտ է հիմա։

Երբ ավելի քան մեկ տասնամյակ առաջ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հաղթահարման համար գումարվեց G20-ի գագաթնաժողովը, մենք ստիպված էինք հաղթահարել ԱՄՆ-ի թերահավատությունը, G7-ի երկմտությունը, Չինաստանի ընդդիմացումը ճգնաժամի հաղթահարման գործում իր պատասխանատվությունը սահմանափակելու և, հակառակը, Ֆրանսիայի ճնշումը այն ընդլայնելու համար: Այդպիսին էր իրավիճակը Լոնդոնի գագաթնաժողովին, որին ներկա էին ոչ թե 20, այլ 23 երկրների առաջնորդները: Նրանց միջև ամենամեծ տարաձայնությունը ոչ թե 1 տրիլիոն դոլարի խթանումների փաթեթն էր, այլ օֆշորային գոտիները:

Ի վերջո, մենք համաձայնության եկանք կարճաժամկետ հարկաբյուջետային թիրախների, բայց ոչ միջին աճի թիրախների շուրջ: Մեր ծրագիրը՝ գլոբալ կապիտալի հոսքերի և մատակարարումների ցանցերի դարաշրջանում վերափոխելու գլոբալ ինստիտուտները, նույնպես ձախողվեց: Բայց գոնե բոլորը հասկացան, որ եթե չմիավորվենք՝ հարցին լուծում տալու համար, ապա դա վատ կվերջանա մեզնից յուրաքանչյուրի համար առանձին վերցրած: Գործնական քայլերի վրա հիմնված ընդհանուր նպատակներին նվիրվածությունն էր, որ օգնեց վերականգնել վստահությունը, երբ այն չկար:

Այդ վստահությունն է, որ G20-ի առաջնորդները պետք է վերականգնեն այսօրվա եզակի ճգնաժամի ընթացքում: Նրանք շատ ծանր փոխզիջման են գնացել. որքան ագրեսիվ դիմակայենք առողջապահական այս արտակարգ իրավիճակին՝ փակելով աշխատատեղերը, այնքան ծանր կլինի արտակարգ իրավիճակը տնտեսությունում՝ առաջ բերելով համակարգված գործողությունների ավելի սուր անհրաժեշտություն յուրաքանչյուր երկրի տնտեսական վայրէջքը դանդաղեցնելու և հետ շրջելու համար: Բայց ահա այդպիսին է միջազգային համագործակցության պահանջարկի և դրան արձագանքելու այսօրվա մեր պատրաստակամության միջև խզումը, երբ G20-ի հավակնությունները հակադարձ համեմատական են մեր ընդհանուր մարտահրավերների վիթխարիությանը:

Կորոնավիրուսային համաճարակին դիմագրավելու ջանքերի շրջանակներում անհատական ինքնամեկուսացումը սովորական է դարձել: Բայց սկսվել է նաև երկրների ինքնամեկուսացումը: Հետսառըպատերազմյան սկզբնական շրջանում ԱՄՆ-ը բազմակողմանի էր գործում. այժմ, ավելի բազմաբևեռ ժամանակաշրջանում, այն գործում է միակողմանիորեն: Այս «մենք-ընդդեմ-նրանց» ազգայնականությունը, և ընդհանրապես, «Ամերիկան առաջինը», «Չինաստանն առաջինը», «Հնդկաստանն առաջինը», «Ռուսաստանն առաջինը», «Բրազիլիան առաջինը» կամ «Թուրքիան առաջինը», դարձել են գլոբալ երևույթ: Այնուամենայնիվ, նույնիսկ ամենամեկուսացված երկիրը գիտի, որ բավարար չէ Covid-19-ի դեմն ընդամենը մեկ երկրում առնելը. դրա դեմը պետք է առնել ընդհանրապես բոլոր երկրներում:

G20-ը պետք է ստանձնի և արագացնի համաձայնեցված գլոբալ ջանքերը՝ պատվաստանյութերի և դեղորայքի ստեղծման, արտադրման և տարածման համար: Յուրաքանչյուր պետություն գրեթե միաժամանակ և մեծ ծավալներով, թեստերի, շնչառական սարքերի, մաքրող քիմիական նյութերի և պաշտպանիչ սարքավորումների կարիք ունի: Դրան հասնելու համար G-20-ը պետք է աջակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Գլոբալ հիմնադրամի ջանքերին ՝ համակարգելու և մեծացնելու բժշկական պարագաների արտադրությունն ու գնումները: Ժամանակի ընթացքում այն պետք է ստեղծի համաշխարհային պահուստ և աշխատուժ: Մաքսատուրքերն ու պրոտեկցիոնիստական արգելքները պետք է վերացվեն. ոչինչ չպետք է խանգարի, որ այն, ինչ զանգվածային արտադրվում է մեկ երկրում և մեկ երկրի համար, արտադրվի նաև ուրիշների համար:

2010-ին G20-ի ներսում համաձայնեցված դրամավարկային, հարկաբյուջետային և հակապրոտեկցիոնիստական միջոցառումները արագ վերականգնեցին աճը: Այժմ նմանատիպ միջոցառումները կարող են առավելագույնի հասցնել առանձին երկրների քաղաքականության արդյունքը, որը կարող է լինել ավելին, քան Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) կողմից կանխատեսվող 2 տրիլիոն դոլարի խթանիչ փաթեթը: Աշխարհը շատ ավելի ուժեղ և կայուն կլիներ, եթե համակարգային նշանակություն ունեցող յուրաքանչյուր կենտրոնական բանկ միաժամանակ միջամտություն իրականացներ արմատական այնպիսի ձևով, որպիսին անում է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը: Արժույթի միջազգային հիմնադրամը ևս պետք է համաձայնի SDR-ի (փոխառության հատուկ իրավունքներ) նոր հատկացումներին, որպեսզի կարողանա լուծել զարգացող տնտեսություններից կապիտալի զանգվածային արտահոսքի խնդիրը։

Այդ ուժն ու կայունությունը կարող են ավելի արդյունավետ դառնալ համակարգված հարկաբյուջետային խթանիչ քաղաքականությամբ, որն այս անգամ շատ ավելի է՝ համեմատ 2009-ին տեղաբաշխված գլոբալ համախառն ներքին արդյունքի 2 տոկոսի: ԵՄ-ն և Չինաստանն այժմ ևս պետք է իրականացնեն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի քաղաքականությունն այս հարցում:

Հարկաբյուջետային քաղաքականությունը կրկնակի կարևոր է, քանի որ առկա են արդարության մեծ հարցեր: Ամենաաղքատներն ու ամենախոցելիներն են կրում ամենամեծ բեռը և ամենաշատը կտուժեն, երբ գա պարտքերը մարելու ժամանակը: G20-ի հարկաբյուջետային գործողությունը կարող է շրջանցել երկրորդ տասնամյակում խնայողության խիստ ռեժիմի անցնելու քաղաքականությունը և նվազեցնել պոպուլիստ ազգայնականության հետագա ալիքների ռիսկը:

Ի վերջո, G20-ը մոտ ապագայոմ պետք է ստեղծի աշխատանքային խումբ՝ համակարգելու քաղաքական առաջնորդների, բժշկական փորձագետների և միջազգային հաստատությունների ղեկավարների աշխատանքը: Եթե Աֆրիկայում վարակի տարածման աստիճանը մոտենա Ասիայի ցուցանիշներին, ապա միջազգային հիմնադրամները շուտով կսպառվեն: G20-ը պետք է վերանայի ԱՀԿ-ին ամբողջությամբ ֆինանսավորելու հարցը; «Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքի» (GAVI) ֆոնդի համալրումը; և Համաշխարհային բանկին լրացուցիչ ռեսուրսներ խոստանա: Ծախսարդյունավետ մեկ տարբերակ է նոր Միջազգային ֆինանսավորման կրթական կառույցը (International Finance Facility for Education – IFFED): Մինչ երկրները ներդրումները կուղղեն մակրոտնտեսական աջակցությանն և սոցիալական անվտանգության ցանցերին, IFFED-ը կարող է լրացուցիչ իրավասություն ստանձնել՝ վերապատրաստելու զարգացող երկրներին անհրաժեշտ առողջապահական ոլորտի 18 միլիոն աշխատողներին:

G20-ը դեռ պետք է իրացնի իր՝ որպես աշխարհի առաջնային տնտեսական հարթակի ներուժը։ Նախադեպեր եղել են: Երկրորդ համաշխարհային պատերազմի գեհենից ծնվեցին ՄԱԿ-ը, ԱՄՀ-ն, Համաշխարհային բանկն ու ԱՀԿ-ն: Այս ճգնաժամից դուրս գալու համար պետք է ծնվեն միջազգային ճարտարապետության և գլոբալ համագործակցության միանգամայն նոր մակարդակի բարեփոխումներ: Սա ծայրահեղ անհրաժեշտ հանրային բարիք է մի աշխարհի համար, որն սկսում է հասկանալ, որ ինքը շատ ավելի փոխկապակցված և խոցելի է, քան երբևէ:

Հոդվածի բնօրինակը՝ End the dog-eat-dog mentality to tackle the crisis

Մեկնաբանել