2020-ի առաջին եռամսյակի հարկային եկամուտներն ավելացել են 49,5 մլրդ դրամով. Փաշինյան

2019 թվականի բյուջերի եկամուտները առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են 8,9 մլրդ դրամի չափով: Այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներին գերազանցում են 49,5 մլրդ դրամով կամ 16,5 տոկոսով: Այս մասին կառավարության մարտի 2-ի նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս ցուցանիշներն ավելի կընդգծվեն, եթե ասենք, որ 2019 թվականի առաջին եռամսյակի հարկային հավաքագրումների ցուցանիշները 2018 թվականի նկատմամբ ավել են եղել 60,5 մլրդ դրամով կամ 25,3 տոկոսով: Այսպիսով կարող ենք ասել, որ մենք ճգնաժամի եզրին բավականին լուրջ գերակատարումներ ենք ունեցել: 2018 թվականի համեմատությամբ 2020 թվականի առաջին եռամսյակի հարկային եկամուտներն ավելացրել ենք ավելի քան 100 մլրդ դրամով», – ասաց վարչապետը:

Նա նկատեց, որ կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամում շատ են անորոշությունները․ «Ակնհայտ է, որ մենք այս տեմպերը կկորցնենք, բայց մեծ հաշվով 2019 և 2020թթ․ առաջին եռամսյակների տնտեսական տեմպերը ապացուցում են այն փաստը, որ կառավարության տնտեսական քաղաքականությունն արդյունավետ է, և մենք տիրապետում ենք տնտեսության զարկերակին: Այժմ նոր պայմաններ ու նոր իրավիճակ է: Ճգնաժամային պայմաններում մենք պետք է կարողանանք նույնքան արդյունավետ որոշումներ կայացնել», – ասաց վարչապետը:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Պետական եկամուտների կոմիտեին՝ հարկերի հավաքագրման գործը հաջողությամբ իրականացնելու համար», – ասաց Փաշինյանն ու հատուկ ընդգծեց՝ ճգնաժամը չի կարող հարկային կարգապահության նվազման առիթ դառնալ:

«Ճգնաժամի պայմաններում հարկային կարգապահությունը պետք է խստանա», – նկատեց վարչապետը՝ անդրադառնալով խոսակցություներին, թե մարդիկ չեն աշխատում, իսկ կառավարությունը հարկեր է պահանջում:

«Հարկերը գոյանում են դրամաշրջաառության, եկամուտների ու շահույթնեի առկայության պարագայում: Գործնականում հնարավոր չէ հարկեր հավաքել այն մարդկանցից, որոնք շրջանառություն ու եկամուտներ չունեն: Հենց այդ հարկերի հավաքագրման շնորհիվ է, որ մենք լայն տնտեսական ու սոցիալական աջակցության ծրագրեր ենք իրականացնում: Մենք ամեն բան պետք է անենք, որ այս տարվա բյուջեն կատարենք հնարավոր առավելագույն ծավալներով», – եզրափակեց նա:

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել