Երկրորդ փուլ՝ Արցախում․ «նվազագույնի կհասցվեն քաղաքացիների առողջության վտանգման ռիսկերը»

Արցախում ապրիլի 14-ին կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, և Արցախի կառավարության կողմից կկազմակերպվեն բոլոր միջոցառումները, որպեսզի նվազագույնի հասցվեն քաղաքացիների առողջության վտանգման ռիսկերը․ երեկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների քվեարկության օրը քաղաքացիների համար ապահովել են ախտահանման բոլոր միջոցները, բացառություն չի լինելու նաև երկրորդ փուլը:

«Քաղաքական նման կարևոր իրադարձության ժամանակ, ինչպիսին է ընտրությունների երկրորդ փուլը, որը կկայանա ապրիլի 14-ին, առավելագույնս կապահովենք անվտանգության բոլոր կանոնները, կուժեղացվի հսկողությունը: Այս անգամ կփորձենք խուսափել հնարավոր կուտակումներից»,- ասել է Մարտիրոսյանը։

***

Ապրիլի 7-ին հայտնի է դարձել, որ Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։

Համապետական ընտրությունների առաջին փուլը կայացել է մարտի 31-ին, սակայն նախագահի թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել հավաքել 50 գումարած մեկ տոկոս ձայն։