260 000 եվրո՝ Հանրային գերակա շահով տուժած ամուսիններին

Երևանի կենտրոնում հանրային գերակա շահով պայմանավորված կառուցապատումներից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայտնված գործերով Հայաստանը շարունակում է մեծ գումարներ վճարել տուժածներին։ Ապրիլի 9-ի կառավարության նիստի օրակարգում «Հակոբյանը և Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով տուժած քաղաքացիներին ավելի քան 158 միլիոն դրամ (259 000 եվրո) հատկացնելու հարցն է ընդգրկված։

Դիմումատուները ամուսիններ են, որոնք 2001-ին Երևանի կենտրոնում գնել են 125 քառակուսի մետր տարածքով բնակելի տուն ու 222 քառակուսի մետր մակերեսով հողամաս։ Գույքը գնվել է ավելի քան 84 միլիոն դրամով։ Հյուսիսային պողոտայի կառուցման ընթացքում Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակը դատարանով հասել է նրան, որ ամուսինները 55 միլիոն դրամով ստորագրել են փոխհատուցման համաձայնագիր։ Տևական ոբղոքներից հետո գույքը վերագնահատվել է 60 միլիոն դրամ, ամուսինները հասել են մինչև Վճռաբեկ դատարան, սակայն հաջողություն չէին ունեցել։

ՄԻԵԴ-ում նրանք պահանջել էին պարտավորեցնել պետությանը իրենց վճարել 480 միլիոն դրամ՝ օտարված գույքի և եկամտի կորստի համար։ ՄԻԵԴ-ը ամուսինների բողոքը ընդունելի է համարել՝ նշելով, որ փոխհատուցումն արդարացի չի եղել։

Դիմումատուները Վերսանդիկ Հակոբյանն ու Հեղինե Ամիրխանյանն են։ Հակոբյանը եղել է ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նաև գործարար։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել