Ի՞նչ ընդհանուր բան ունեն կորոնավիրուսը լավագույնս վերահսկող երկրները՝ կին առաջնորդներ

Forbes-ի հոդվածագիր Ավիվա Ուիթենբուրգ-Քոքսն (Avivah Wittenberg-Cox) իր սյունակում հարց է բարձրացնում՝ Ի՞նչն է միավորում համաճարակի վերահսկման հարցում բավականին լավ ցուցանիշներ գրանցած երկրներին՝ Իսլանդայից մինչև Թայվան, Գերմանիայից Նոր Զելանդիա, Ֆինլանդիա, Իսլանդիա և Դանիա։ Պատասխանը հետևյալն է՝ փաստը, որ այդ երկրների ղեկավարները կանայք են։ Շատերը կասեն, որ դրանք փոքր երկրներ են, կամ կղզիներ են, կամ այլ բացառություններ: Բայց ահռելի մեծ տարբերություն կա, օրինակ, Գերմանիայի և կղզի հանդիսացող Մեծ Բրիտանիայի արդյունքների միջև։ Հոդվածագրի կարծիքով, այս կին առաջնորդները իշխանության գործադրման նոր ու գրավիչ այլընտրանքային տարբերակ են մեզ ցույց տալիս: Ի՞նչ են նրանք սովորեցնում. հոդվածը՝ ստորև։

Ճշմարտություն

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վաղ ոտքի ելավ և հանդարտ կերպով հայտնեց իր հայրենակիցներին՝ սա լուրջ վիրուս է, որով կարող է վարակվել բնակչության մինչև 70 տոկոսը։ «Սա լուրջ է, լուրջ վերաբերվեք սրան»,- ասաց նա ու այդպես էլ արեց, և գերմանացիները հետևեցին նրա կոչին։ Թեստավորումն սկսվեց անմիջապես: Գերմանիան թռավ վիրուսի վտանգավորության ժխտման, զայրույթի և անտարբերության փուլերի վրայով, որոնց մենք ականատես եղանք այլուր: Երկրի ցուցանիշները շատ ցածր են իր հարևաններից, և կան նախանշաններ, որ հնարավոր է՝ Գերմանիայում շուտով սկսեն սահմանափակումների թուլացումը:

Վճռականություն

Առաջին և ամենաարագ արձագանքողներից էր Թայվանը։ Դեռևս հունվարին, նոր հիվանդության առաջին նշաններն ի հայտ գալուց ի վեր երկրի ղեկավարը՝ Ցայ Ինգ-ուենը, ներդրեց 124 միջոց՝ վիրուսի տարածումը կանխարգելելու համար, առանց դիմելու մյուս երկրների համար սովորական դարձած մեկուսացումներին: Այժմ նա 10 միլիոն դիմակ է ուղարկում ԱՄՆ և Եվրոպա: Ցայի՝ վիրուսի դեմ միջոցառումները, ինչի շնորհիվ համաճարակը վերահսկվում է, և առ այսօր Թայվանում գրանցվել է ընդամենը մահվան վեց դեպք, CNN-ն անվանել է «աշխարհի լավագույն» արձագանքներից մեկը։

Նոր Զելանդիայի վարչապետը՝ Ջասինդա Արդերնը, շատ վաղ ձեռնարկեց մեկուսացումը և հստակ բացատրեց՝ ինչու։ Նա Նոր Զելանդիա մուտք գործած մարդկանց սկսեց պարտադրել ինքնամեկուսացում զարմանալիորեն վաղ, երբ ամբողջ երկրում դեռ ընդամենը վեց դեպք էր գրանցված, իսկ կարճ ժամանակ անց ընդհանրապես արգելեց օտարերկրացիների մուտքը երկիր։ Հստակությունն ու վճռականությունը Նոր Զելանդիային փրկում են փոթորիկից: Ապրիլի կեսի դրությամբ երկրում կա ընդամենը մահվան չորս դեպք, ու մինչ այլ երկրներ խոսում են արգելափակումները հանելու մասին, Արդերնը խստացնում է դրանք, և երկիր նոր վերադարձած նորզելանդացիներին պարտադիր 14-օրյա կարանտինում պահում հատուկ նախատեսված վայրերում։

Տեխնոլոգիաներ

Իսլանդիան՝ վարչապետ Կատրին Յակոբսդոտիրի գլխավորությամբ, ի տարբերություն բազմաթիվ այլ երկրների, առաջարկում է կորոնավիրուսի անվճար թեստեր իր բոլոր քաղաքացիների համար։ Բնակչության թվի հարաբերակցությամբ՝ երկիրը թեստավորել է հինգ անգամ ավելի շատ մարդկանց, քան Հարավային Կորեան, և ստեղծել է հետևելու մանրակրկիտ համակարգ, ինչի արդյունքում Իսլանդիայում ստիպված չեն եղել մեկուսանալ և փակել դպրոցները։ 

Ֆինլանդիայի ղեկավար Սաննա Մարինն աշխարհում պետության ամենաերիտասարդ ղեկավարն  է՝ այդ պաշտոնում անցյալ տարվա դեկտեմբերին ընտրվելուց ի վեր: Հասկանալով, որ ոչ բոլորն են թերթ կարդում կամ հեռուստացույց դիտում, նա կորոնավիրուսի ճգնաժամի դեմ պայքարում ընդգրկեց սոցիալական ցանցերում մեծ ճանաչում ունեցող անձանց (influencers), որոնք տարածում են համաճարակի վերահսկման վերաբերյալ փաստերի վրա հիմնված ճշգրիտ տեղեկատվություն:

Սեր

Նորվեգիայի վարչապետ Էրնա Սոլբերգը օգտագործեց հեռուստատեսությունը՝ անմիջականորեն իր երկրի երեխաներին դիմելու համար: Նա հետևում էր Դանիայի վարչապետ Մեթթե Ֆրեդերիկսենի ինքնատիպ գաղափարին. մի քանի օր առաջ Ֆրեդերիկսենը երեխաների մասնակցությամբ մամուլի կարճ ասուլիս էր տվել, որտեղ մեծահասակների մուտքն արգելված էր։ Նա պատասխանել էր ամբողջ երկրից ժամանած երեխաների հարցերին՝ հանգիստ բացատրելով, թե ինչու է վախենալն ու անհանգստանալը նորմալ։

Ընդհանուր առմամբ, այն կարեկցանքը և խնամքը, որ ցուցաբերել են այս բոլոր կին առաջնորդները, կարծես գալիս է այլընտրանքային տիեզերքից՝ ի հակադրություն նրան, ինչին սովոր ենք։

Հիմա համեմատեք այս առաջնորդներին ու պատմությունները առնական այրերի հետ, որոնք օգտագործում են այս ճգնաժամը՝ ավտորիտարիզմի սարսափելի եռադրույքը (trifecta) արագացնելու համար. «ուրիշներին» մեղադրելը, դատական համակարգը գրավելը, լրագրողներին որպես չարիք նեկայացնելը և իրենց երկրները «Երբեք-չեմ-հեռանա»-ի քողով պարուրելը (Թրամփ, Բոլսոնարո, Օբրադոր, Մոդի, Դուտերտե, Օրբան, Պուտին, Նեթանյահու…):

Տարիներ շարունակ հետազոտությունները հաստատում են, որ կանանց առաջնորդության ոճերը կարող են լինել տարբեր և օգտակար: Ժամանակն է, որ մենք դա ընդունենք։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Հոդվածի բնօրինակը՝ What Do Countries With The Best Coronavirus Responses Have In Common? Women Leaders