Համաշխարհային տնտեսությունը կարող է լիարժեք չվերականգնվել անգամ 2021-ի վերջին. ԱՄՀ

Կորոնավիրուսի համավարակից տուժած համաշխարհային տնտեսությունը կարող է լիարժեք չվերականգնվել անգամ 2021 թվականի վերջին. նման կանխատեսում է արել Արժույթի միջազգային հիմնադրամի գլխավոր տնտեսագետ Գիտա Գոպինատխը CNBC-ին տված հարցազրույցում:

Նա հիշեցրել է, որ ԱՄՀ-ն այս տարի ակնկալվում է համաշխարհային տնտեսության 3%-ի հասնող կրճատում, որը Մեծ դեպրեսիայի ժամանակներից ի վեր ամենավատ ցուցանիշն է:

Թեև հիմնադրամը 2021 թվականին համաշխարհային տնտեսության 5,8%-ի հասնող աճ է կանխատեսում, սակայն նկատում է՝ դեռևս վաղ է խոսել մինչճգնաժամային մակարդակին վերադառնալու մասին։

 «Սա միայն մասնակի վերականգնում է», – ասել է Գոպինատխը՝ հավելելով, որ 2021թ. ավարտին համաշխարհային տնտեսական ակտիվությունը մինչև վարակի ի հայտ գալն արված կանխատեսումից ցածր կլինի:

Արժույթի միջազգային հիմնադրամի գլխավոր տնտեսագետը հայտարարել է, որ «կորոնաճգնաժամն» իր մասշտաբով ու անկման արագությամբ գերազանցել է 2008 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամը․ «Եթե համեմատենք ներկայիս իրավիճակը 2008-ի գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետ, մասշտաբներն ավելի մեծ են, իսկ ռեակցիան՝ շատ արագ»։

Ճգնաժամը ստիպել է աշխարհի պետություններին դատարկել գրպանները՝ իրենց տնտեսություններին աջակցելու նպատակով, սակայն այստեղ էլ Գոպինատխը խնդիր է տեսնում․ «Ճգնաժամի հետևանքների մեղմման համար աշխարհի պետությունները շուրջ 8 տրիլիոն դոլար կներարկեն տնտեսություն: Սակայն շուրջ 7 տրիլիոն դոլարը ներարկում են «Մեծ քսանյակի» երկրները, ինչը նշանակում է, որ դրամական խթանների ծավալը խիստ անհամաչափ է բաշխված»։

ԱՄՀ-ն, ըստ Գիտա Գոպինատխի հայտարարության, մտահոգված է զարգացող պետությունների ճակատագրով, քանի որ նրանք ավելի քիչ հնարավորություններ ունեն: 

«Զարգացող պետություններն ավելի ծանր դրության մեջ են», – ասել է նա:

Հայաստանը զարգացող պետությունների թվում է։ Երկրի տնտեսությունը, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսման, 2020 թվականին 1,5 տոկոս անկում կգրանցի: Հայաստանի ՀՆԱ-ն, ըստ օրեր առաջ հրապարակած ԱՄՀ-ի զեկույցի, կկրճատվի 1,5 տոկոսով, սակայն հաջորդ տարի կգրանցի 4,8 տոկոս աճ:

ԱՄՀ․ Համաշխարհային տնտեսությունն ամենասարսափելի հարվածը կկրի Մեծ դեպրեսիայից ի վեր