Կառավարությունն ավելացնում է զինծառայողների արձակուրդների փոխհատուցման չափը

Կառավարության ապրիլի 30-ի որոշմամբ զինծառայողների՝ արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և այնտեղից վերադառնալիս տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու չափը կավելանա:

Խոսքը ՀՀ տարածքում 350 և ավելի կիլոմետր հեռավորությամբ արձակուրդի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու համար զինծառայողի տրանսպորտային ծախսերի համար տրվող փոխհատուցման չափերի ամսին է:

Հարցը կառավարության անդամներին ներկայացրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ որոշումը վերաբերում է նաև ոստիկանական զորքերին և ԱԱԾ ծառայողներին:

«Եթե, օրինակ, ծառայության վայրը Մեղրիում էր, իսկ բնակության վայրը՝ Գյումրիում, փոխհատուցում ստանում էր միայն մինչև Երևան հասնելու համար»,- պարզաբանեց նախարարը՝ հավելելով, որ խոսքը և՛ պայմանագրային, և՛ ժամկետային զինծառայողների մասին է:

Ըստ որոշման՝ 350-700 կմ մեկնելու և վերադառնալու համար կհատկացվի 10 հազ․ դրամ, իսկ 700 և ավելի կմ մեկնելու և վերադառնալու համար` 20 հազ․ դրամ։

Նախարարը նկատեց, որ տարեկան կտրվածքով այս որոշման արդյունքում ծախսերի ավելացումը կազմելու է 150 մլն դրամ, որը կիրականացվի նախարարությանը հատկացված ընդհանուր միջոցներից:

Քննարկվող հարցին արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Զինված ուժերում հարցումներ են կատարում՝ պարզելու զինծառայողներին հուզող խնդիրները: «Մենք որոշակի խնդիրներ ենք դուրս բերել, որոնք հերթով լուծվելու են», – ասաց վարչապետը:

Մեկնաբանել