Ապրիլյան հանձնաժողով է հրավիրվել Կարեն Կարապետյանը

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին հրապարակավ հրավիրել է քննիչ հանձնաժողով՝ հարցերի պատասխանելու։ Ինչպես Factor.am-ին ասել է Քոչարյանը, Կարապետյանը որևէ կերպ չի արձագանքել հրավերին։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Կարեն Կարապետյանը գալու է Հայաստան՝ մայիսի 8֊ին Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը մասնակցելու համար, ուստի կարող է այդ օրերի ընթացքում մասնակցել հանձնաժողովի նիստին։

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարություն-ԱԺ հարցուպատասխաններից մեկի ժամանակ հայտնել էր, որ անորակ վառելիքի պատճառով ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի զինտեխնիկան չի աշխատել:

«Ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է, կերոսինի հետ խառնվում է, և մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք: Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»,- ասել էր Կարեն Կարապետյանը ԱԺ ամբիոնից։

«Մենք ի սկզբանե ասել ենք, որ բոլոր այն մարդիկ, որոնք տեղեկություններ են ունեցել, պաշտոններ են զբաղեցրել և որևէ կերպ առնչվել են ինչ-որ գործողությունների, որոնք կարող էին կապ ունենալ ապրիլյան պատերազմի հետ, մենք այդ մարդկանց հրավիրելու ենք»,- 1in.am-ին ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը։

Ավելի վաղ Ապրիլյան հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանել են Ապրիլյան պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցրած Սեյրան Օհանյանը, նախագահի պաշտոնն զբաղեցրած Սերժ Սարգսյանը, 2016-ի ապրիլին Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը։

Մեկնաբանել