Իմ տեղեկությունները գաղտնիության տարրեր են պարունակում. Արշակ Կարապետյանը՝ Ապրիլյան հանձնաժողովի նիստից հետո

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը մայիսի 18-ին Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստից հետո շատ կցկտուր խոսեց Ապրիլյան քառօրյայի ժամանակ հետախուզության աշխատանքի ու հանձնաժողովին հայտնած տվյալների մասին: Նա չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին․ «Ես ոչ թե չեմ ուզում ձեզ հետ շփվել, այլ չեմ կարող, քանի որ խոսքը գաղտնիություն պարունակող տեղեկատվության մասին է: Ինձ կներեք»։

Լրագրողները շարունակեցին պնդել, որ 2016-ի Ապրիլյան քառօրյայից շաբաթներ անց պաշտոնանկ արված Արշակ Կարապետյանն այդ օրերին հետախուզության աշխատանքի մասին փակագծեր բացի: «Իմ տեղեկությունները գաղտնիության տարրեր են պարունակում», – կրկնեց նա՝ հավելելով, որ իր հայտարարություններին հետևում են ոչ միայն Հայաստանում, այլև Ադրբեջանում:

«Ադրբեջանի համար կարևոր է իմանալ՝ հետախուզությունն իմացե՞լ է, թե՞ չէ: Եթե չենք իմացել, դա էլ է կարևոր իրենց համար, եթե իմացել ենք, դա էլ է կարևոր», – ասաց նա՝ հավելելով, որ «մենք չենք կարող այդ մասին իրենց ասել: Սա շատ վտանգավոր է»:

Արշակ Կարապետյանն Ապրիլյան պատերազմից հետո՝ ապրիլի 26-ին, հեռացվեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից, իսկ Թավշյա հեղափոխությունից հետո նշանակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական:

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել