ՀԾԿՀ-ն լիցենզիա կտա Եսայանների նոր ընկերությանը

Հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր «Յուքոմի» փոքր բաժնետերեր Հայկ և Ալեքսանդր Եսայանները դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ իրենց հիմնած նոր ինտերնետ օպերատորին՝ «Թիմ» ՍՊԸ-ին հանրային էլեկտրոնային ցանցի լիցենզիա տրամադրելու համար։

ՀԾԿՀ-ն այս հարցը քննարկելու է մայիսի 20-ի հերթական նիստում և նախատեսում է բավարարել դիմումն ու Եսայանների ընկերությանը 10 տարվա լիցենզիա տրամադրել։ «Թիմ» ՍՊԸ-ն հիմնվել է 2020-ի ապրիլի 20-ին, ընկերության մասնակիցներն են Հայկ և Ալեքսանդր Եսայանները՝ յուրաքանչյուրը 50 տոկոս բաժնեմասով։ Ընկերությունը նախապես պետք է կոչվեր «Օլնեթ», սակայն գրանցումից օրեր անց այն վերանվանվել է «Թիմ»։

Ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ «Յուքոմ»-ի ողջ տնօրինությունը հրաժարական է ներկայացրել՝ նախկին գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ։ Եղբայրները հայտարարել էին, որ ընկերության զարգացման ռազմավարության շուրջ տարակարծություններ ունեն «Յուքոմի» խոշոր բաժնետերերի (ընկերության բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքին և ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի հետ փոխկապված անձի)։ Եսայան եղբայրները, որ մինչ այժմ էլ տնօրինում են «Յուքոմի» 6 տոկոսը, առաջարկել էին մեծամասնական բաժնետերերին 34 միլիարդ դրամով գնել մնացյալ 94-ը, սակայն արձագանք չէին ստացել։

Ապրիլի 20-ին Հայկ Եսայանը հայտարարեց նոր օպերատոր հիմնելու մտադրության մասին։

#CivilNet #News

Մեկնաբանել