Ամեն ինչ սկսվում է կրթությունից

Որտե՞ղ պետք է սովորեն հաշմանդամություն ունեցող երեխաները` հատո՞ւկ, թե՞ ընդհանուր հանրակրթական դպրոցներում։ Այս հարցն այլևս քննարկման առարկա չէ, առնվազն պաշտոնական մակարդակում։ Հայաստանը որդեգրել է համընդհանուր ներառականության քաղաքականությունը։ Այն ֆիքսված է մի շարք օրենսդրական ակտերում և կառավարության ծրագրերում։ Մասնավորապես, համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի, «մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը ներդրվում է համընդհանուր ներառական կրթության համակարգը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած գործողությունների պլանի և ժամանակացույցի»։

Անշուշտ, ներառումն այլընտրանք չունի. բոլոր երեխաները պետք է սովորեն միասին` անկախ իրենց կարգավիճակից։ Սակայն պակաս կարևոր չէ, թե ինչպես է այս քաղաքականությունն իրագործվում, արդյոք գործընթացը ձևական բնույթ չի՞ կրում, և հաշմանդամություն ունեցող երեխաներին իսկապե՞ս ընձեռնված է որակյալ կրթություն ստանալու հնարավորությունը։

Ի՞նչ ունենք այսօր

Սկսենք դպրոցների շենքային պայմաններից։ Դրանք մեծամասամբ ֆիզիկապես դժվարամատչելի են տեղաշարժման խնդիրներ ունեցող երեխաներին։ Գործող ներառական դպրոցների մուտքերի մոտ հիմնականում առկա են թեքահարթակներ։ Սակայն, որպես կանոն, շենքի ներսում գրեթե ոչինչ հարմարեցված չէ. չկան վերելակներ, մատչելի սանհանգույցներ, մարզադահլիճներ, ճաշարաններ… Տարրական պայմանների բացակայության դեպքում անհասկանալի է, թե ինչպես կարող են, օրինակ, սայլակ օգտագործող երեխաները լիարժեքորեն ներառվել ուսման գործընթացներում։

Խնդրահարույց է նաև ուսումնական ծրագրերի, մեթոդիկաների և գրականության մատչելիության, տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքներին համապատասխանելու հարցը։ Չտեսնող երեխաների համար իսպառ բացակայում են Բրայլի տառատեսակով դասագրքերը, սակավաթիվ են աուդիոգրքերը։ Դպրոցներում չկան ժեստերի լեզվով թարգմանիչներ, զգացվում է նաև այլ անհրաժեշտ մասնագետների պակասը։

Իսկ ինչպիսի՞ն է հանրության վերաբերմունքը ներառման գաղափարին։ Այս հարցի պատասխանը պարզելու համար անցկացրել ենք բազմաթիվ ֆոկուս-խմբեր աշակերտների, ծնողների, ուսուցիչների և ադմինիստրատիվ կազմի շրջանակում։ Միանգամից նշեմ, որ երեխաների համար հոգեհարազատ է ներառականությունը. նրանք որևէ խնդիր չունեն հաշմանդամություն ունեցող իրենց հասակակիցների հետ շփման ու համատեղ ուսուցման ընթացքում։ Այլ է իրավիճակը մնացած վերոնշյալ խմբերում։ Լրացնելով ֆոկուս-խմբերի սկզբում բաժանված հարցաթերթիկները, ծնողների, ուսուցիչների և տնօրենների գերակշռող մեծամասնությունը դրական պատասխաններ տվեց ներառական կրթության անհրաժեշտության և առավելությունների մասին հարցերին։ Սակայն, երբ հայտնում էինք, որ ստացված պատասխանները և կարծիքներն անանուն կմնան և նախաձեռնում էինք անկեղծ զրույցը, այդ նույն խմբերի ներկայացուցիչները սկսում էին կիսվել մեզ հետ բազմաթիվ մտահոգություններով։ Իսկ ոմանք նույնիսկ կտրականապես մերժում էին ներառական կրթության գաղափարն ամբողջությամբ։ Որոշ ծնողների կարծիքով, հաշմանդամություն չունեցող իրենց երեխաները կարող են ընդօրինակել խնդիրներ ունեցող համադասարանցիների «աննորմալ» (ըստ իրենց) վարքը, շարժուձևը, կաղալը և այլն։ Բացի այդ, ծնողներին մտահոգում էր, որ նրանց երեխաներին ուսուցչի կողմից հատկացվող ժամանակը կարող է նվազել, քանի որ հաշմանդամ աշակերտները, իրենց կարծիքով, պահանջում են ավելի շատ ջանքեր և ուշադրություն։ Թերևս, վերջին մտահոգությունը որոշ դեպքերում հիմնավորված է, սակայն ծնողներն իրազեկված չէին, որ այս խնդրի լուծման համար պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվում են ուսուցչի օգնականի հաստիքներ։

Ինչ վերաբերում է մանկավարժական կազմի ներկայացուցիչներին, ապա նրանց մտահոգությունները հիմնականում կապված են համապատասխան ծրագրերի բացակայության կամ անլիարժեքության, դասարաններում աշակերտների մեծ թվի և նման խնդիրների հետ։

Ի՞նչ անենք գոյություն ունեցող հատուկ դպրոցների հետ

Ըստ օրենսդրության և կառավարության ծրագրերի, հատուկ դպրոցները պետք է վերակազմակերպվեն տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների։ Իմ խորին համոզմամբ, այս գործընթացը պետք է իրագործել շատ մեծ զգուշությամբ և բացառել որևէ շտապողականություն։ Անշուշտ, հաշմանդամ երեխաների «մեկուսացված» ուսումը ժամանակի ընթացքում պետք է վերանա։ Բայց դրա համար անհրաժեշտ է համապատասխան պայմաններ ստեղծել ընդհանուր հանրակրթական դպրոցներում։ Օրինակ, ինչպե՞ս կարող ենք փակել կույր երեխաների համար նախատեսված հատուկ դպրոցը, մինչև «սովորական» դպրոցներն ապահովված չեն Բրայլով գրականությամբ, բոլոր դասագրքերի աուդիոտարբերակով, ինչպես նաև չտեսնող անձանց դասավանդելու հմտություններ ունեցող մանկավարժներով։ Հատուկ դպրոցների վերակազմակերպումը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ մեր դպրոցները պատրաստ կլինեն ապահովել կրթական գործընթացի արդյունավետությունն ուսանելու ներուժ ունեցող բոլոր երեխաների համար։ Ի դեպ, գրեթե բոլոր զարգացած երկրներում, որտեղ գերակշռող տենդենցը ներառականությունն է, այնուամենայնիվ, մինչ օրս գործում են սակավաթիվ հատուկ դպրոցներ։

Ո՞րն է մեզ համար ընդունելի և արդյունավետ լուծումը

Կրթության ոլորտում պետության բոլոր գործողությունները, օրենքները, ծրագրերը պետք է բխեն երեխայի շահից։ Համընդհանուր ներառականությունը կրթության բոլոր մակարդակներում (նախակրթարաններում, դպրոցներում, քոլեջներում և համալսարաններում) գեղեցիկ, ժամանակակից և ճիշտ գաղափար է։ Այն անհրաժեշտ է կյանքի կոչել՝ միևնույն ժամանակ խուսափելով հապճեպ, ձևական որոշումներից ու քայլերից, որոնք կարող են հաճոյացնել տարբեր միջազգային կառույցներին, բայց ըստ էության չեն երաշխավորում կրթություն ստանալու հնարավորությունը։ Համոզված եմ, անհրաժեշտ է վերանայել ներառականության ներմուծման գործընթացի ժամկետները, սահմանել իրատեսական նպատակներ և բացառել երեխաներին վնաս հասցնելու վտանգները։

Միայն բարձրակարգ, որակյալ կրթությունը կարող է լավ նախադրյալներ ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց ներուժն իրագործելու համար։

Արմեն Ալավերդյան, «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն

Պատկերը՝ Resetfest.com կայքից

Մեկնաբանել