Վարակի աղբյուրներն ամենուր են, իրավիճակն ավելի քան լուրջ է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսի վարակի ամենամեծ օջախը Երևանն է, իսկ վարակի աղբյուրներն ամենուր են՝ աշխատանքի վայրում, հասարակական տրանսպորտում, փողոցում, հանրային սննդի օբյեկտներում, բանկերում և այլուր․ այս մասին մայիսի 28-ի ճեպազրույցին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իրավիճակից ելքը, ըստ վարչապետի, հակամահաճարակային կանոնների պահպանումն է: «Առաջին հերթին դիմակի համատարած և ամենուրեք կրումը: Երկրորդ, ձեռքերի պարբերաբար ախտահանումը: Երրորդ, սոցիալական հեռավորության պահպանումը: Պետք է բացառել հատկապես առևտրային կետերում առևտուրը, եթե վաճառողն ու գնորդը դիմակ չեն կրում», – ասաց Փաշինյանը՝ կոչ անելով դադարեցնել դիմակների շուրջ կատարվող բոլոր շահարկումները:

Նա անթույլատրելի համարեց կորոնավիրուսի հետ կապված ապատեղեկատվության տարածումը՝ նշելով, որ իրավիճակն ավելի քան լուրջ է և գնալով ավելի է լրջանում: «Անթույլատրելի եմ համարում դիմակի թանկ լինելու մասին շահարկումները, քանի որ մենք որևէ մեկին չենք ստիպում դիմակ գնել, այլ ասել ենք, որ դիմակը կարող եք պատրաստել նաև տնային պայմաններում և կրել այն», – նկատեց վարչապետը:

Նրա խոսքով՝ մասնագետների վերլուծությունը ցույց է տալիս, որ նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակի որակյալ կրումը կարող է զրոյի հասցնել վարակի տարածումը:

«Բազմաթիվ վարակակիրներ, իսկ նրանց թիվը հազարների է հասնում, չգիտեն, որ իրենք վարակակիր են: Որևէ մեկը չգիտի, քանի որ հիվանդացածների շուրջ 70% դեպքերն անցնում են ասիմպտոմ: Մարդը չգիտի, որ հիվանդ է, վարակակիր է, քանի որ ոչ մի ախտանիշ չունի, սակայն այդ ընթացքում կարող է վարակել տասնյակ և հարյուրավոր մարդկանց», – ասաց նա:

Վարչապետը անթույլատրելի համարեց իրավիճակի զարգացումն այն սցենարով, որ վերակենդանացման բաժանմունքներում ֆիզիկապես տեղ չլինի: «Հիշեք, որ այդ պակասող տեղը կարող է անհրաժեշտ լինել ձեր հարազատին, ձեր ընտանիքի անդամներին: Խնդրում եմ իրավիճակին նայել այսպես», – ասաց կառավարության ղեկավարը՝ կոչ անելով փոխել հանրային վարքագիծը:

Փաշինյանը տեղեկացրեց, որ կիրառվելու են վարչական տուգանքներ, իսկ վերջին օրերին գործադրել են անսպասելի ռեյդերի պրակտիկա:

«Այդ ընթացքում ոստիկանության ու տեսչական մարմինների մեծ թվով աշխատակիցներ մտնում են որևէ վարչական շրջան, ստուգումներ կատարում և խախտումների արձանագրման դեպքում փակվում են օբյեկտներ, որոշ ժամանակով դադարեցվում է նրանց գործունեությունը», – ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ կրկնակի խախտումներ հայտնաբերելու պարագայում սպասարկման ու սննդի օբյեկտները, խանութները կարող են փակվել ոչ թե 24 ժամով, այլ մի քանի օրով, նույնիսկ մեկ շաբաթով:

Ոստիկանության պետ Արման Սարգսյանը տեղեկացրեց, որ վերջին երկու օրերում նման ստուգայցեր կատարվել են Դավիթաշեն, Նորք Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում:

«Այսօր ստուգայցեր են իրականացվել Կենտրոն վարչական շրջանում, որոնց ժամանակ եղել են կրկնակի ուսումնասիրություններ: Ընդհանուր առմամբ, այս ռեյդերի արդյունքներով Դավիթաշեն վարչական շրջանում վարչական պատասխանատվության է ենթարկվել 104 քաղաքացի, իսկ Նուբարաշեն և Նորք Մարաշ վարչական շրջաններում՝ 124 քաղաքացի: Տեսչական մարմինները կասեցրել են 62 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն», – ասաց ոստիկանապետը:

Նա նաև նկատեց, որ Հայաստանի միջմարզային ճանապարհներին տեղադրվել են համապատասխան թվով ուղեփակոցներ, անցակետեր, որոնք հնարավորություն են տալիս ոստիկանության աշխատակիցներին մշտադիտարկել տրանսպորտային միջոցները, որոնցով երթևեկում են քաղաքացիները և հանրային ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները:

Ոստիկանապետը նշեց, որ քաղաքացիները բաց տարածքներում իրենց մոտ պետք է ունենան դիմակ, դրանք պետք է կրեն կանգառներում, տաքսու վարորդներն ուղևորի առկայության պարագայում անպայման պետք է կրեն դիմակ և բացառեն ուղևոր փոխադրելը կողքի նստատեղին: Տրանսպորտային միջոցներում ևս քաղաքացիները մեկից ավել ուղևորի առկայության պարագայում պետք է պարտադիր կրեն դիմակ:

«Վերջին օրերին շուրջ 2 հազար քաղաքացիների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ: Այդ գործընթացը լինելու է շարունակական: Ընդ որում, ստուգայցերը կատարվելու են նաև այն տարածքներում, որտեղ արդեն իսկ իրականացվել են: Սա մշտական գործընթաց է», – ասաց Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ այս ամենի նպատակը հակահամաճարակային կանոնների պատշաճ կիրառման ապահովումն է:

Նա նաև հորդորեց քաղաքացիներին հանգստյան օրերին զերծ մնալ զանգվածային միջոցառումներ կազմակերպելուց: «Զերծ մնալ արշավներից և ուխտագնացություններից, որոնք հղի են համավարակի տարածման վտանգով», – հայտարարեց ոստիկանապետը։

Մեկնաբանել