Իրավիճակի կայունացումը տեղի է ունենում բավական բարձր նշաձողի վրա. Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսի համաճարակի ցուցանիշները Հայաստանում կրկին կայունացման թույլ և նախնական նշաններ են ցույց տալիս․ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հունիսի 10-ին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ:

«Իհարկե, վերջնականապես չենք կարող արձանագրել, որ իրավիճակը կայունացել է»,- հավելեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ կայունացումը տեղի է ունենում բավական բարձր նշաձողի վրա․ «Մենք երեկ 428 նոր դեպք ենք ունեցել, բայց նաև ուզում եմ ընդգծել, որ պարետատան, առողջապահության նախարարության և կառավարության գործադրած ընդհանուր ջանքերի շնորհիվ այս բարձր նշաձողով կայունացումը դառնում է տանելի մեր առողջապահական համակարգի համար»:

Նա ընդգծեց, որ հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների խնդիրը ամեն օրվա հետ ավելի փոքրանում է, և եթե հնարավոր լինի պահպանել այս միտումը, ապա կլուծվի հոսպիտալացման հետ կապված խնդիրներն ամբողջ ծավալով, և անցում կկատարվի կորոնավիրուսի զրոյացման փուլին:

Վարչապետը նաև ասաց, որ այդ խնդիրները լուծելու գործիքը Հայաստանում շարունակելու է մնալ հակահամաճարակային կանոնների խիստ պահպանումը։ Նրա խոսքով՝ այժմ ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացիների մեծ մասը կրում է դիմակ և պահպանում է սահմանված հակահամաճարակային կանոնները:

Գեղեցիկ Ոսկանյան

Մեկնաբանել