Եվրախումբը հաստատել է իսպանական բանկերին €100 մլրդ-ի տրամադրումը

Եվրոգոտու ֆինանսների նախարարները Իսպանիայի բանկային սեկտորի վերակապիտալավորման նպատակով €100 մլրդ ֆինաջակցության տրամադրման շուրջ հեռախոսային խորհրդակցություն են անցկացրել և հաստատել այս որոշումը, հաղորդում է Bloomberg-ը։

Եվրոգոտու ֆինանսների նախարարների մշտական խումբը՝ Եվրախումբը, վճռել է, որ Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամը (EFSF) կարող է սկսել առաջին €30 մլրդ-ի ներգրավումը, որը «կարող է օգտագործվել ֆինանսական չնախատեսված կարիքների բավարարման սուր անհրաժեշտության դեպքում»։

Իսպանական բանկերը ֆինանսական օգնությունը կարող են ստանալ Իսպանիայի՝ խնդրահարույց բանկերի աջակցության պետական հիմնադրամի միջոցով բանկերի վերակապիտալավորման ծրագրի ներկայացումից հետո։

Ներկայում EFSF-ն տնօրինում է €250 մլրդ։ Երբ ժամանակավոր հիմնադրամին փոխարինելու գա Կայունության եվրոպական մեխանիզմը (ESM), Իսպանիայի բանկային սեկտորի վարկատուի գործառույթները կստանձնի հենց այս համակարգը։

Մեկնաբանել