Բանկերը շարունակում են վարկավորել արտարժույթով

Առևտրային բանկերը գյուղացիներին օժանդակելու փոխարեն նրանց ուսերին են փոխադրում սեփական արտարժութային ռիսկերը։ Առաջին կիսամյակում գյուղատնտեսական վարկերի 70%-ը եղել է արտարժութային։

Հայաստանի բանկային համակարգում վարկային պորտֆելն առաջին կիսամյակում աճել է 17,7%-ով կամ 225 մլրդ դրամով՝ հունիսի վերջին հասնելով մոտ 1,5 տրլն դրամի։ Բանկերը շարունակել են տնտեսավարողներին վարկավորել արտարժույթով. վեց ամսվա կտրվածքով բանկերի վարկային պորտֆելում արտարժութային վարկերի մասնաբաժինն ավելացել է 3 տոկոսային կետով՝ կազմելով 64,1%։ Արտարժութային վարկերի ծավալը հունվար-հունիսին ավելացել է 185 մլրդ դրամով կամ 24%-ով, այն դեպքում երբ դրամային վարկերի ծավալն աճել է 40 մլրդ-ով կամ 8%-ով։

Ստացվում է, որ բանկերը շարունակել են արտարժութային ռիսկերը տեղափոխել հաճախորդների ուսերին։

Եթե այս տարվա վեց ամիսներին բանկերը տրամադրել են 6 մլրդ-ի դրամային գյուղատնտեսական վարկեր, ապա դոլարային վարկերի ծավալը կազմել է 14 մլրդ դրամ։ Այս ընթացքում շինոլորտին տրամադրվել են միմիայն դոլարային վարկեր՝ 7 մլրդ ծավալով։

Ուշագրավ է, որ թեև բանկերն ընդգրկված են «Ազգային հիփոթեքային կազմակերպության» հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման ծրագրում, առաջին կիսամյակում տրամադրվել է ընդամենը 753 մլն-ի դրամային հիփոթեքային վարկ։ Արտարժույթով վարկավորումը կազմել է 9,6 մլրդ դրամ։

Ուշագրավ է, որ ի տարբերություն գյուղատնտեսության՝ այս տարվա առաջին կիսամյակում տրամադրված 43 մլրդ դրամ սպառողական վարկերի 70%-ը եղել է ազգային արժույթով։ Առևտրի ոլորտին տրամադրվել է 51 մլրդ դրամի վարկ, որից 50 մլրդ-ը եղել է արտարժութային։ Ընդ որում՝ այս ծավալից 54%-ը տրամադրվել է մանրածախ ոլորտին։

Մեկնաբանել