Արմեն Գևորգյանը ու Ջոն Հեֆերնը քննարկել են թրաֆիքինգի հետ կապված խնդիրները

ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պատվիրակությանը` դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորությամբ:

Ինչպես հաղորդում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկվել են թրաֆիքինգի դեմ պայքարում համագործակցության հարցեր:

Հյուրերն արդյունավետ են համարել Հայաստանում մարդկանց շահագործման հարցերով խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեությունը` նշելով, որ տպավորված են վերջին տարիներին ոլորտում կատարված աշխատանքով և պատրաստակամ են աջակցել դրանց առավել բարելավմանը: Նշվել է, որ «ՀՀ-ում 2010-2012 թթ. ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման» ազգային ծրագրով նախատեսված աշխատանքները ճիշտ հունով են ընթանում, և անհրաժեշտ է հետևողական կերպով շարունակել դրանք: Ամերիկյան կողմը փոխվարչապետի ուշադրությունն է հրավիրել տվյալների առավել ճշգրիտ և ամբողջական հավաքագրման աշխատանքների, ինչպես նաև թրաֆիքինգի զոհերի պաշտպանության առավել արդյունավետ մեխանիզմների ներդրման հարցերի վրա:

Փոխվարչապետը նկատել է, որ ներկայում նաև ուշադրություն է դարձվում աշխատանքային թրաֆիքինգի, երեխաների թրաֆիքինգի հետ կապված խնդիրներին: Մեծ է նաև երևույթի նկատմամբ հանրային վերահսկողությունը, և թրաֆիքինգի ցանկացած բացահայտ դեպք արձագանք է գտնում, լուսաբանվում լրատվամիջոցներով:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ամերիկյան կողմի պատրաստած` երեխաների հարկադիր աշխատանքի մասին զեկույցի Հայաստանին վերաբերող մասին: Փոխվարչապետը նշել է, որ համապատասխան մարմիններին կհանձնարարի ուսումնասիրել զեկույցում բարձրացված հարցերը և կարևորել նման զեկույցներում օբյեկտիվ և թարմ տվյալների օգտագործումը:

Նա նաև ներկայացրել է վերջին տարիներին երեխաների պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքները:

Մեկնաբանել