Լրագրողը ճանաչվեց անմեղ, իսկ դատախազի որդին պատժվեց

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հոկտեմբերի 9-ին կայացրել է լրագրող Ռուբեն Գրդզելյանի և Կոտայքի մարզի դատախազ Մեսրոպ Մանրիկյանի որդու` Ալբերտ Մանրիկյանի գործով դատավճիռը, որի համաձայն լրագրողը ճանաչվեց անմեղ, իսկ Մանրիկյանը տուգանվեց 50 հազ. դրամով:

Մանրիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով` «դիտավորությամբ թեթև մարմնական վնասվածք հասցնելը»: Գրդզելյանն արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Նախորդ նիստում մեղադրող դատախազը միջնորդել էր Ռուբեն Գրդզելյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով և տուգանել 150 հազ. դրամով: Նույն մեղադրանքն առաջադրվել էր նաև դատախազի որդու նկատմամբ, և դատախազը միջնորդել էր նրան տուգանել 100 հազ. դրամով:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշել է, որ Գրդզելյանն իրավունք ունի դատական կարգով պահանջել բարոյական և ֆինանսական փոխհատուցում:

«Սա թերևս այն եզակի դատավճիռներից է, երբ դատախազությունը, ըստ էության, պարտվում է դատական այն գործընթացում, որում ունի «անձնական» շահեր: Դատական գործընթացը և դատավոր Մնացական Մարտիրոսյանի վճիռը համարում եմ լիովին արդարացի»,- ասել է Գրդզելյանի փաստաբան Արմեն Սողոմոնյանը:

Հիշեցնենք, որ 2012թ. մայիսի 12-ին վիճաբանություն էր տեղի ունեցել Մեսրոպ Մանրիկյանի և Ռուբեն Գրդզելյանի միջև, որն ավարտվել էր փոխադարձ մարմնական վնասվածքներ հասցնելով:

Մեկնաբանել