Գլոբալ դանդաղման պայմաններում բարձրացվել է Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2012թ. համար գլոբալ տնտեսության աճի տեմպի կանխատեսումը «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» սեպտեմբերյան զեկույցում նվազեցրել է 0,1-տոկոսային կետով՝ մինչև 3,3%։ Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը, ընդհակառակը, բարձրացվել է 0,1-տոկոսային կետով՝ մինչև 3,9%։ Հիմնադրամի կանխատեսած ցուցանիշը տարբերվում է կառավարության սպասումներից՝ 7,1%։ ԱՄՀ-ն աճ է ակնկալում նաև Հայաստանի ներքին սպառման ոլորտում՝ 6,2%։ Ուշագրավ է, որ համաձայն ԱՄՀ հայաստանյան առաքելության սեպտեմբերի 27-ի հաղորդագրության՝ ընթացիկ տարում տնտեսական աճը Հայաստանում կարող է կազմել 6,2%։

ԱՄՀ-ն հրապարակել է «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» (World Economic Outlook) սեպտեմբերյան զեկույցը։ 2012թ. համար գլոբալ տնտեսության աճի տեմպի կանխատեսումը կազմակերպությունը 3,4%-ից նվազեցրել է մինչև 3,3%, 2013թ. համար՝ 3,9%-ից մինչև 3,6%:

ԱՄՀ-ն վերանայել է Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերների տնտեսական ցուցանիշները։ Այսպես՝ եվրոգոտում այս տարի կարող է արձանագրվել 0,4% տնտեսական անկում (հուլիսին կանխատեսվում էր 0,3%), Ռուսաստանում՝ 3,7% (հուլիսյան կանխատեսումը նվազեցվել է 0,3-տոկոսային կետով)։

ԱՊՀ տնտեսական աճի կանխատեսումը ԱՄՀ-ն նվազեցրել է 0,1-տոկոսային կետով՝ մինչև 4%։ Տարածաշրջանի համար կանխատեսման ճշգրտումը պայմանավորված է եվրոգոտու և այլ խոշոր տնտեսությունների կանխատեսումների ճշգրտմամբ։

Ըստ ԱՄՀ-ի՝ ԱՊՀ երկրները պետք է օգտվեն դեռևս բարենպաստ պայմաններից և արագացնեն համակարգային բարեփոխումները, որոնք ուղղված կլինեն գլոբալ ֆինանսական ռիսկերի դիմակայմանը։

Եթե Ղրղըզստանի և Տաջիկստանի իշխանություններին ԱՄՀ-ն խորհուրդ է տալիս քայլեր ձեռնարկել պետական պարտքի տրենդի փոփոխության ուղղությամբ, ապա Հայաստանի և Վրաստանի իշխանություններին խորհուրդ է տրվում նվազեցնել արտաքին խոցելիությունը՝ ընթացիկ հաշվեկշռի պակասորդի կրճատման ճանապարհով։

Ըստ ԱՄՀ-ի՝ այս տարի Հայաստանի արտաքին հաշվեկշռի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 9,8%-ը (կառավարության կանխատեսմամբ՝ 10,7%-ը), 2013թ.՝ ՀՆԱ-ի 9,3%-ը (կառավարության կանխատեսմամբ՝ 9,2%-ը)։

Աճ կա, հարկահավաքում չկա
Նշենք, որ թեև ընթացիկ տարվա համար ԱՄՀ-ն դեպի նվազում է վերանայել համաշխարհային տնտեսության հեռանկարները և ԱՊՀ տարածաշրջանի տնտեսական աճի հուլիսյան կանխատեսումը, Հայաստանի ցուցանիշը բարձրացվել է 0,1-տոկոսային կետով՝ մինչև 3,9%։ 2013թ. տնտեսական աճի ցուցանիշը մնացել է անփոփոխ՝ 4%։

Ուշագրավ է, որ Հայաստանի տնտեսության աճի առումով ԱՄՀ-ն, ըստ էության, երկու կանխատեսում ունի՝ World Economic Outlook սեպտեմբերյան զեկույցը և ԱՄՀ հայաստանյան առաքելության հաղորդագրությունը։

Երևանում սեպտեմբերի 5-ից 18-ը «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» եռամյա ծրագրի 5-րդ հերթական ամփոփիչ ստուգումն իրականացնելուց հետո սեպտեմբերի 27-ին հայաստանյան առաքելությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ գյուղատնտեսության ոլորտում բարձր բերքատվության, հանքարդյունաբերության և ծառայությունների ոլորտների դինամիկ զարգացման պայմաններում Հայաստանում տնտեսական աճն այս տարի կարող է կազմել 6,2%։ 2013թ. ցուցանիշը կարող է լինել չափավոր՝ մինչև 4,3%՝ հաշվի առնելով տնտեսական վիճակը Եվրոպայում և Ռուսաստանում։

Իհարկե, առաքելության կողմից հրապարակված կանխատեսումները հիմնված են ավելի թարմ տվյալների վրա, սակայն World Economic Outlook-ի ցուցանիշներն «ավելի պաշտոնական» են, և միջազգային ֆինանսական կառույցները, վարկանշային կազմակերպությունները, ներդրողները սովորաբար հիմք են ընդունում հենց դրանք և ոչ թե առաքելության մամուլի հաղորդագրությունը։ ԱՄՀ հայաստանյան առաքելության կողմից տնտեսական աճի վերաբերյալ տվյալներն ավելի շուտ «ներքին սպառման» համար են։

Այդուհանդերձ, երկու դեպքում էլ ԱՄՀ-ն ավելի համեստ է ակնկալիքներում, քան կառավարությունը։

Օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանը Ազգային ժողովում հայտարարել է, թե Հայաստանի տնտեսական աճն արդեն կազմում է 7%։ Եվ սա այն դեպքում, երբ 2012թ. բյուջեի հիմքում գործադիրը դրել է 4,2% աճ ցուցանիշը։ 2013թ. բյուջեի նախագծում նշվում է, որ ընթացիկ տարում տնտեսական աճը կարող է կազմել 7,1%, գալիք տարում՝ 6,2%։

Ուշագրավ է, որ թեև կառավարությունը հայտարարում է 7,1% տնտեսական աճի մասին, այն չի հիմնավորվում այլ ցուցանիշներով։ Մասնավորապես՝ կառավարությունը չի գնացել հարկահավաքման ցուցանիշի վերանայման. թե՛ 4,2% և թե՛ 7,1% աճի պարագայում էլ նույնն է մնացել հարկերի հավելյալ հավաքագրումների ծավալը՝ ֌101 մլրդ, որից մոտ ֌70 մլրդ-ն ապահովվելու է տնտեսական աճի և գնաճի հաշվին։ Ստացվում է, որ թեև բազայի աճը, ըստ կառավարության, լինելու է ավելի մեծ, քան կանխատեսվում էր, այն որևէ կերպ չի ազդելու հարկահավաքման վրա։

Մոտավոր հաշվարկներով՝ ՀՆԱ-ի 1% աճը ապահովում է ֌16 մլրդ-ի հավելյալ հավաքագրում։

Մեկնաբանել