Բրիտանիան ԵՄ հետագա անդամակցության վերաբերյալ հանրաքվե կիրականացնի

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Բիրմինգհեմում պահպանողականների համաժողովի ընթացքում առաջարկել է իրականացնել հանրաքվե՝ որոշելու՝ արդյոք Միացյալ Թագավորությունը պետք է մնա Եվրամիությունում, գրում է բրիտանական Daily Express պարբերականը՝ մեջբերելով վարչապետի խոսքը։

«Համազգային հանրաքվեն Լոնդոնի՝ Բրյուսելի հետ հարաբերությունները պարզելու առավել արդար, պարզ ու միանշանակ միջոցն է։ Եվրոպան փոխվում է։ Եվրոգոտին գնում է ինտեգրացիայի ճանապարհով, և ես կարծում եմ, որ դա նրա համար ճիշտ ընտրություն է պայմաններում, երբ անհրաժեշտ է պահպանել միասնական արժույթը։

Ներկայիս իրադրությունում Մեծ Բրիտանիան ունի Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ու ավելի լավ լուծում գտնելու հնարավորություն։ Եվ ես խոստանում եմ, որ հաջորդ ընտրությունների նախապատրաստման գործընթացում մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի գտնենք այդ լուծումը»,- հայտարարել է Քեմերոնը։

Հետագայում, Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքով, անհրաժեշտ է, որ շահագրգիռ բոլոր կողմերը կարողանան «փոխզիջման գալ տվյալ հարցում»։

Թորիների կուսակցության վարկանիշի անկման և նրա քաղաքական մրցակիցների, առաջին հերթին՝ լեյբորիստների ղեկավար Էդ Միլիբենդի ժողովրդականության աճի ֆոնին երկրի կոալիցիոն կառավարության ղեկավարը ի վերջո հրապարակավ խոստովանել է բրիտանացիների՝ ԵՄ-ում մնալ չցանկանալը։ Ավելի վաղ Դևիդ Քեմերոնի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել էին, թե այդ գաղափարը «ժողովրդական աջակցություն չի վայելում» և ավելի առաջնահերթային խնդիր էին անվանել եվրոգոտու ճգնաժամի լուծումը։

Համաձայն հանրային կարծիքի վերջին հարցումների՝ բրիտանացիների ավելի քան 80%-ը ցանկանում է, որ երկրում իրականացվի հանրաքվե Միացյալ Թագավորության՝ ԵՄ հետագա անդամակցության մասին։ Ընդ որում՝ նրանց մոտ կեսը կողմ է հանրաքվեի անհապաղ անցկացմանը, իսկ 1/3-ը ենթադրում է, որ դա առաջիկա մի քանի տարիների հեռանկար է։ Սակայն հանրային կարծիքի հետազոտությունների մեծ մասի ամենաանսպասելի առանձնահատկություն արդեն հիմա հարկ է ճանաչել համազգային հանրաքվեի անհրաժեշտության հարցում լուրջ տարաձայնությունների բացակայությունը երկրի քաղաքական տարբեր ուժերի կողմնակիցների շրջանում։ Անգամ այն ընտրողների շրջանում, որոնք ավանդաբար քվեարկում են լիբերալ-դեմոկրատների՝ եվրաինտեգրման ամենահաստատակամ համախոհների օգտին, հանրաքվեի գաղափարին աջակցել է 74%-ը։

Պահպանողականների համաժողովը կավարտվի այսօր։ Ակնկալվում է, որ աշխատանքների եզրափակիչ օրը Քեմերոնը հանդես կգա ծրագրային ելույթով։

Մեկնաբանել