Էրդողանի երազանքն է Թաքսիմում մզկիթ կառուցել

Բրիտանական Economist-ն անդրադարձել է Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում մզկիթի կառուցման մասին քննարկումներին: Վերջերս Թաքսիմում մզկիթի կառուցման մտադրություն էր հայտնել նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Պարբերականը հիշեցրել է, որ Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթին Էրբաքանը, որին համարում են Էրդողանի գաղափարական հայրը, նույնպես մտադիր էր Թաքսիմում մզկիթ կառուցել: Էրբաքանի այս մտադրությունը Թուրքիայում սուր հակասությունների պատճառ դարձավ, և շուտով Էրբաքանն իր իսլալամետ հայացքների պատճառով ստիպված եղավ թողնել վարչապետի պաշտոնը:

Ըստ Economist-ի` Էրդողանը ցանկանում է իրականացնել Էրբաքանի երազանքը: Բացի այդ` դեռ այն ժամանակ, երբ Էրդողանը եկավ իշխանության, խոսք տվեց, որ Թաքսիմում մզկիթ կկառուցի:

Հատկանշական է, որ մզկիթի կառուցմանը դեմ են հատկապես աշխարհիկ կարգերի պահապանները: Նրանց կարծիքով` Թաքսիմը Թուրքիայի աշխարհիկ կարգի խորհրդանիշներից է: «Ակօսում» այսօր տեղեկություն կար այն մասին, որ մզկիթի կառուցումից կարող է տուժել հայկական Սուրբ Հակոբ հիվանդանոցը:

Մեկնաբանել