Նախկին զինծառայողն արքայազն Չարլզին վերադարձրել է իր շքանշանները

12 տարի ի նպաստ Բրիտանիայի թագուհու ծառայած նախկին զինվորական Բեյլ Բեյլիվայն իր մեդալները վերադարձրել է արքայազն Չարլզին. վրդովմունքի պատճառ է հանդիսացել իր հանդեպ տեղական իշխանությունների վերաբերմունքը, որի հետևանքով նախկին զինծառայողի ընտանիքը հայտնվել է սնանկության եզրին, գրել է Times-ը:

Ծագումով Ֆիջիից 32-ամյա Բեյլիվայը շքանշաններին կցել է նամակ, որում ասել է, որ անցած բոլոր տանջանքներից հետո դրանք կորցրել են իրենց արժեքը: Ամիսներ տևած պայքարից հետո՝ 2012թ. վերջին, Բեյլիվայ ընտանիքին հաջողվել է շահել թանկարժեք դատական գործը:

Բրիտանական օրենսդրության համաձայն՝ բոլոր զինծառայողները, որոնք ծառայում են Ազգերի ընկերակցության երկրներում, իրավունք ունեն դիմել Բրիտանիայի քաղաքացիություն ստանալու համար: Անցյալ տարվա հունիսին Բեյլիվայը բանակ էր վերադարձել երկարատև արձակուրդից հետո և ընդհարվել մեկ այլ զինծառայողի հետ: Բեյլիվայի խոսքով՝ իր գործողություններն ինքնապաշտպանական են եղել, սակայն միջադեպից հետո ենթարկվել է պատժամիջոցների:

Ի զարմանս զինծառայողի և նրա ընտանիքի՝ նրանց մերժել են քաղաքացիություն տրամադրել: Ավելի ուշ պարզվել է, որ զինվորական պատիժը վերաճել է դատական գործի: Կես տարի Բեյլիվայը, ծախսելով հսկայական գումարներ փաստաբանների համար, վերականգնել է արդարությունը: Սակայն հաղթանակը շատ թանկ է նստել նրա վրա. ընտանիքը հայտնվել է աղքատության մեջ:

«Բոլոր ծառայությունները, որոնք ես մատուցել եմ թագուհուն և այս երկրին, արժեզրկվել են, ինձ պարզապես դավաճանել են: Չնայած այդ ամենին՝ իմ ընտանիքը փորձել է արժանապատվորեն դուրս գալ իրավիճակից և անել ամեն ինչ ճշմարտությունն ապացուցելու համար: Կառավարությունը ոչ միայն ներողություն չի խնդրել մեզանից, այլև հրաժարվում է որևէ պատասխանատվություն ստանձնել տեղի ունեցածի համար: Ես զգում եմ, որ այլևս չեմ կարող այս մեդալները պահել ինձ մոտ», – գրել է Աֆղանստանում և Իրաքում ծառայած Բեյլ Բեյլիվայը:

Մեկնաբանել