Հարկադիրը փորձում է ընդառաջել «Նաիրիտին»

Մինչ կառավարությունը մտածում է «Նաիրիտը» վերագործարկելու ուղղությամբ, պարտապաններն ամեն գնով փորձում են հետ ստանալ իրենց միջոցները։ Գործարանի գույքի բռնագանձման հարցով արդեն 1,5 տարի է, ինչ զբաղվում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը։ ԴԱՀԿԾ-ն առայժմ չի դիմում կտրուկ գործողությունների և փորձում է ընդառաջել քիմիական հսկային։

Հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ասել է, որ գործարանի պարտատերերը երկուսն են՝ «ՎՏԲ-Հայաստանը» և «ՀայՌուսգազարդը»։ Գործարանի պարտքը նրանց կազմում է մոտ Դ1,5 մլրդ, որից միայն Դ1 մլրդ-ը՝ «ՀայՌուսգազարդին»։ «Բոլորի համար հասկանալի է՝ «Նաիրիտն» այն գործարանն է, որի գործառույթները կասեցնելը մեծ հետևանքներ կունենա բոլորիս համար»,- նշել է Պողոսյանը՝ հավելելով, թե գործարանից բռնագանձում կատարելուց առաջ փորձում է վերջինիս համար պարտքի մարման ժամանակացույց սահմանել։

«ՀայՌուսգազարդի» դատական հայցը ընդդեմ «Նաիրիտի» Շենգավիթի դատարանը բավարարել է դեռ 2010-ին։ 2011թ. երկու ընկերությունները ստորագրել են հաշտեցման համաձայնագիր, դատարանի կողմից տրվել է կատարողական թերթ, և 2011թ. մայիսին ԴԱԿՀ-ում հարուցվել էր կատարողական վարույթ։

«Նաիրիտը» այնպիսի ֆինանսական վիճակում է, որ հազիվ թե ժամանակացույցի սահմանումը օգնի ընկերությանը. այն թույլ կտա միայն ինչ-որ ժամանակ շահել։ Խնդիրն այն է, որ 2011թ. ֆինանսական հաշվետվության համաձայն (ի դեպ, վերջին հասանելի հաշվետվությունն է), ընկերության վնասը կազմել է մոտ Դ20,5 մլրդ։ Վերջին չորս տարվա ընթացքում, որից մոտ 2 տարի գործարանը պարապուրդի է մատնված եղել, կուտակվել են մոտ Դ90 մլրդ-ի վնասներ։

Պարտքային «ծուղակի» մեջ ընկերությունը հայտնվել է նաև կառավարության փոխանցմամբ։ «Նաիրիտի» ֆինանսական հաշվետվությունից երևում է, որ 2010թ. վերջի դրությամբ ընկերության առևտրային և կրեդիտորական պարտքը կազմել է Դ17,6 մլրդ։ Հաջորդող մեկ տարվա ընթացքում այն ավելացել է մոտ Դ4 մլրդ-ով։ Այս գումարից Դ2 մլրդ-ը գոյացել է հարկային պարտավորությունների գծով, Դ1,5 մլրդ-ը՝ աշխատակիցների աշխատավարձերի։ 2011-ին Դ0,5 մլրդ-ով ավելացել են ընկերության վարկերի և փոխառությունների գծով ծախսերը՝ կազմելով Դ4 մլրդ։ 2011թ. վերջին ընկերության վարկային պարտավորությունների ընդհանուր ծավալը կազմել է Դ51 մլրդ՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով մոտ Դ10 մլրդ-ով։

2011թ. «Նաիրիտը» մոտ Դ2,5 մլրդ-ի դոլարային և դրամային միջոցներ է ներգրավվել է Երևանի ջէկ-ից (տարեկան 12% տոկոսադրույքով)։ Բացի այդ՝ գործարանը չի կարողացել կատարել իր պարտավորությունները «Հայբինեսբանկի» առջև՝ ներգրաված Դ1 մլրդ ընդհանուր արժեքով դոլարային երկու վարկերի գծով, որոնք պետք է մարվեին 2011թ.։ Արդյունքում փոխառությունների ընթացիկ 11% և 12% տարեկան տոկոսադրույքները կտրուկ ավելացել են մինչև 24% և 26%, համապատասխանաբար։

«Նաիրիտի» ֆինանսական դրությունը ստիպում է զգուշավորություն դրսևորել նաև ներդրողներին։ Քիմիական հսկայով հետաքրքրված էր ռուսական գազանավթային «Իտեռա» ընկերությունը, որի պատվերով 2011թ. բրիտանական Jacobs Consultancy Limited-ը գործարանում իրականացրել է աուդիտ։ Արդյունքները ներկայացվել են «Իտեռային»։ «Իտեռայի» կողմից «Նաիրիտի» կառավարման և արդիականացման ծրագրի իրականացման հարցում, սակայն, հիմնական խոչընդոտը գործարքի ֆինանսական կողմն է։ «Իտեռան» խուսափում է սեփական միջոցները ներդնել «Նաիրիտի» արդիականացման ծրագրում և անհրաժեշտ միջոցներ ներգրավելու հարցը քննարկել է Հայաստանի կառավարության հետ, բանակցել ռուսական «Գազպրոմբանկի» հետ։

«Նաիրիտի» և ԱՊՀ միջպետական բանկի կողմից պատրաստվել է «2011-2019 թթ. «Նաիրիտի» զարգացման և վերակառուցման» ծրագիր։ Քիմիական հսկայի արդիականացումն ընդհանուր առմամբ գնահատվել է $512,26 մլն։ Սակայն զարգացման ծրագրի ներդրումային գումարից ընդամենը $367 մլն-ն է ուղղվելու քիմիական հսկայի արդիականացմանը, $146 մլն պետք է ուղղվի պարտքերի մարմանը, այդ թվում՝ $100 մլն ԱՊՀ Միջպետական բանկի նկատմամբ պարտավորությունների վերաֆինանսավորմանը, $46 մլն՝ գործարանի ընթացիկ պարտքի վերաֆինանսավորմանը։

Մեկնաբանել