Վերջինները կդառնան առաջիններ. էպոսագետը Gallup-ի հարցմամբ վերջինը լինելու մասին

Իմ կարգախոսը «Վերևում Աստված կա»-ն է, և դուք գիտեք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասում էր. «Կգա ժամանակ, որ վերջինները կդառնան առաջիններ». նշեց ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ ներկայացող ճարտարապետ-շինարար Վարդան Սեդրակյանը «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակում անդրադառնալով Gallup-ի՝ այսօր հրապարակած տվյալներին, որոնցով իրենն է ընտրողների քվեների նվազագույն տոկոսը, այսինքն՝ ինքը վերջինն է: «Տպավորություն է, որ ոչ թե նախագահական քարոզարշավ է, այլ՝ քաղծառայողի քննություն»,- որակեց նա:

Իր ընտրվելու դեպքում՝ Հայաստանը պետք է պրոռուսական քաղաքականություն վարի՝ ընտրելով «դարերով փորձված դաշնակցին», իսկ թե Արևմուտքի և թե Ռուսաստանի հետ հարաբերությունները լավ պահել հնարավոր չէ, քանի որ դա «բազմակնություն է հիշեցնում»: «Ռուսաստանի հետ ցամաքային կապ ստեղծելը ոչ մի դժվարություն չի ստեղծում, քանի որ մենք ունենք չվերցրած հողեր, օրինակ, Ադրբեջանում»,- ասաց նա:

Այս սկզբունքը դիտարկելով էպոսային տեսանկյունից՝ Սեդրակյանը հիշեցրեց, որ ռուսական էպոսի առանցքային կերպարի՝ հսկա դյուցազուն Սվյատագորի անունը նշանակում է Սուրբ Սար, ինչպես մեզանում՝ Սանասարի անունը, «այնպես որ դաշինքը, որ ուզում եմ ստեղծել, լինելու է գենետիկական դաշինք»:

«Գենետիկական դաշինքներից» հիշելով ֆաշիստական Գերմանիան՝ նա ասաց. «Ես ինձ չեմ համեմատում Ադոլֆ Հիտլերի հետ, նախևառաջ քանի որ ես դեռ ոչինչ չեմ արել»: Ըստ նրա՝ այսօրվա Հայաստանը հիշեցնում է ֆաշիստական Գերմանիան: «Այսօր մեր հասարակության մեջ մենք տեսնում ենք՝ ինչպես ժողովրդավարական հիմունքներով գալով իշխանության՝ այն վերածվում է բռնապետության: Ինչպես այն ժամանակ՝ այսօր էլ մեզ մոտ կան մանր-մունր կուսակցություններ, որ ոչինչ չեն որոշում»,- ասաց նա:

Սեդրակյանի բնորոշմամբ՝ էպոսը բացառապես հոգևոր արժեքներից կերտված համակարգ է, և անընդունելի է լիբերալ գաղափարախոսությունը:

Մեկնաբանել