ՀՀԿ անդամները հորդորում են ընտրել Րաֆֆի Հովհաննիսյանին

Iditord.org կայքն այս պահի դրությամբ ստացել է 96 հաղորդագրություն՝ տարբեր ընտրատեղամասերում գրանցվող անօրինական գործողությունների մասին:

Այսպես օրինակ՝ Աբովյանի 28/12 տեղամասում ընտրողները զարմացած պատմել են, որ ՀՀԿ անդամները մեքենաներով ընտրողներ են տեղափոխում` հորդորելով ընտրել Րաֆֆիին: Երևան, 13/38 ԸՏ-ՔՀԻ դիտորդին Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Ամալյա Հարությունյանը հայտնել է, որ մի քաղաքացի քվեարկել է վրացական անձնագրով և մինչ փորձել են ճշտել՝ նա ՀՀ քաղաքացիություն ունի՞, թե՞ ոչ, անձն արդեն քվեարկած և հեռացած է եղել։ 9/02 տեղամասում ուրիշի փոխարեն քվեարկող քաղաքացին փախել է տեղամասից:

Երևանի 13/37 ԸՏ-ՔՀԻ դիտորդն ականատես է եղել, թե ինչպես է ընտրողը քվեաթերթիկի հետ միասին վարորդական վկայականը գցել քվեատուփի մեջ։ Նա պահանջել է բացել քվեատուփը և հանել վարորդական վկայականը, սակայն հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ տուփը բացելու իրավունք չունի։

Գյումրիի 34/30 ԸՏ-ՔՀԻ-ի դիտորդն արձանագրել է, որ թեկնածուների վստահված անձինք չունեն անձը հաստատող համապատասխան փաստաթուղթ: Պատճառաբանում են, որ «չեն կարող վերարկուները ծակել և ամրացնել»:

Գյումրի, 34/27 ԸՏ-ՔՀԻ դիտորդը արձանագրել է, որ Սերժ Սարգսյանի վստահված անձը մտել է քվեախցիկ և մի քանի անձանց ուղղորդել, թե ում ընտրել։

Մեկնաբանել