Բրյուսելը ստիպված կլինի անսալ ժողովրդի ձայնին․ Մարին Լը Պեն

Ֆրանսիայի ուլտրաաջ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը վստահ է․ այժմ Բրյուսելը ստիպված կլինի անսալ ժողովրդի ձայնին, գրում է իտալական La Stampa պարբերականը։

«Այսօր Իտալիայում, վաղը Ֆրանսիայո՞ւմ։ Ամեն երկրորդ իտալացին, որ քվեարկել է Գրիլոյի [Բեպե Գրիլո – իտալացի հայտնի երգիծաբան և հասարակական գործիչ, որի «Հինգ աստղերի շարժումը» Իտալիայում փետրվարի 24-25-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին զբաղեցրեց երրորդ տեղը՝ դառնալով ընտրությունների գլխավոր սենսացիան] և Բեռլուսկոնիի օգտին, քվեարկել է՝ ընդդեմ Եվրոպայի, և բոլոր եվրաթերահավատների մայր, Ֆրանսիայի «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը ցնծում է․ «Իտալիայի ընտրությունները հոյակապ ազդանշան դարձան»»,- գրում է պարբերականը։

«Ես ցնծում եմ,- ասում է Մարին Լը Պենը։ – Վերջին անգամ, երբ ես Իտալիայում էի, եվրաթերահավատները քիչ էին։ Ինձ համար ակնհայտ է, որ 18 ամսվա ընթացքում նրանց թիվը կտրուկ աճել է՝ շնորհիվ պարոն Մոնտիի քաղաքականության, որը Եվրամիության թեկնածուն էր և այժմ դարձել է մեծ ձախողակ։ Այս քվեարկությունը ծայրահեղ ծանր պատժամիջոց է Բրյուսելի և նրա տեխնոկրատների ու բանկիրների կառավարությունների պարտադրած խիստ խնայողության քաղաքականության նկատմամբ»։

«Ինձ չի զարմացնում այն, որ Բեռլուսկոնին էլ Եվրոպայի դեմ ուղղված քարոզարշավ իրականացրեց։ Նա հոտառություն ունի։ Նա հասկացավ, որ մարդիկ այսպես այլևս չեն կարող, որ անհրաժեշտ է ինչ-որ բան փոխել։ Նա աջերից առաջինն էր, որ դա հասկացավ, և նա չի լինի վերջինը»,- վստահ է Լը Պենը։

«Չկա մեծ տարբերություն՝ Բերսանի՞, թե՞ Բեռլուսկոնի։ Այսօր ամենամեծ տարբերությունը նրանց միջև է, ովքեր կհամաձայնեն, որ իրենց կառավարեն Բրյուսելի բյուրոկրատները, և նրանց միջև է, ովքեր չեն համաձայնի։ Ինչ վերաբերում է Գրիլոյին, ապա նա դարձավ կոռումպացված համակարգի դեմ պայքարի խորհրդանիշ։ Գրիլոն դառնում է իրական խնդիր։ Նա նախազգուշացնում է Եվրամիությանը։ Եվրոպան պետք է լսի նրան։ Եվրոպան այլևս չի կարող շարունակել պարտադրել քաղաքականություն, որը ժողովուրդներին դուր չի գալիս»,- վստահեցնում է «Ազգային ճակատի» առաջնորդը։

Մեկնաբանել