Սիրիացի փախստականների թիվը հասել է 1 մլն-ի․ ՄԱԿ

Պաշտոնապես գրանցված սիրիացի փախստականների թիվը հասել է 1 մլն-ի, ընդ որում՝ նրանց 1/3-ը Սիրիան լքել է ընթացիկ տարվա սկզբից, հաղորդում է ՄԱԿ-ը։

Դիտորդների խոսքով՝ հարևան երկրները դժվարությունների են առերեսվում սահմանն ամեն օր հատող հազարավոր հարկադիր տեղահանվածների ընդունման հարցում։

Իրավապաշտպան կազմակերպություններն ու օգնության հիմնադրամներն իրենց հերթին դժգոհում են ֆինանսավորման պակասից՝ նշելով, որ մեկենասների խոստացած $1,5 մլրդ-ից իրենք ստացել են այդ միջոցների միայն փոքր մասը։

Հիշեցնենք, որ Սիրիայում ներքաղաքական ճգնաժամը շարունակվում է 2011թ․ մարտից։ Երկրի ընդդիմությունը պահանջում է նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է մոտ 70 հազ․ մարդ։

Մեկնաբանել