Ոստիկանապետը շնորհավորել է իր կին գործընկերներին և գործընկերների կանանց

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորել է իր կին գործընկերներին և գործընկերների կանանց, մայրերին, քույրերին ու դուստրերին. տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:

«Սիրելի՛ կանայք:

ՀՀ ոստիկանության կոլեգիայի և իմ անունից շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ գարնան առաջին տոնի առթիվ, որ իրավացիորեն ձեր տոնն է:

Կինն է կյանքի սկիզբն ու ապավենը, կինն է ընտանիքի պահապան հրեշտակն ու հիմնասյունը, կինն է երեխաների՝ մեր ապագայի ուղեցույց կատարյալը:

Սիրելի՛ կանայք, սիրելի՛ գործընկերուհիներ, ի հավելումն՝ դուք նաև մեր զինակիցներն եք և մեզ հետ հավասար կրում եք ոստիկանի բարդ ու արժանապատիվ աշխատանքի բոլոր դժվարությունները՝ առանց տրտնջալու, առանց երկմտելու, աննահանջ՝ ձեր մեկ և ընդմիշտ ընտրած ճանապարհից:

Շնորհավորում եմ տոնի առթիվ, մաղթում եմ խաղաղ և արդյունավետ ընթացք ձեր աշխատանքին, որ անձնվեր ծառայություն է մեր քաղաքացիներին ու պետությանը և ըստ արժանվույն է գնահատվում թե՛ համակարգում, թե՛ հասարակության մեջ:

Շնորհավորում եմ ոստիկանության ծառայողների կանանց, մայրերին, քույրերին, դստրիկներին:

Դուք նույնպես զինակիցներ եք: Դուք մե՛ր տեսակից եք: Միայն ամուր, անդավաճան, սիրող թիկունք ունեցող ոստիկանը կարող է անմնացորդ կատարել իր վտանգաշատ, բայց և պատվավոր գործը, ոստիկանի՛ գործը, որին կոչվածները սակավ ու ընտրյալ են:

Թող անամպ լինի բոլորիդ երկինքը, ապահով՝ տունը, երախտագետ՝ բոլոր նրանք, ում տվել ու տալիս եք ձեր սերը, գարունները, անցյալն ու ապագան և ողջ կյանքը բոլորանվեր:

Աստված ձեզ պահապան»,- նշել է ոստիկանապետը:

Մեկնաբանել