Ինչ անել ջրհեղեղից առաջ և հետո. ԱԻՆ

Այսօր ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղի է ունեցել հանրապետության տարածքում սպասվող եղանակի կտրուկ փոփոխությունների և հնարավոր ջրածածկումների վերաբերյալ մամուլի ասուլիս. տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:

Բանախոսներն են եղել ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը, ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, գնդապետ Հովհաննես Եմիշյանը և Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Խոսելով եղանակային կտրուկ փոփոխությունների մասին` Գ. Սուրենյանը մասնավորապես ասել է. «Մարտի 12-ին Հայաստան են ներթափանցել Աֆրիկայի հյուսիսային շրջաններից սկիզբ առած տաք հոսանքներ: Ըստ կանխատեսումների` մարտի 15-17-ը հանրապետության տարածքը կգտնվի այդ հոսանքների ազդեցության գոտում, ինչի հետևանքով ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա` 8-10 աստիճանով: Քանի որ լեռնային շրջաններում առկա է ձյան ծածկ` 50-80 սմ, որը ջերմաստիճանի բարձրացման հետևանքով կարող է վերածվել հալոցքի, և այդ օրերին սպասվում են տեղումներ, ապա կա վտանգ, որ հանրապետության առանձին հատվածներում կնկատվի ջրի մակարդակի կտրուկ բարձրացում, որի հետևանքով հնարավոր է ափամերձ տարածքների և բնակավայրերի ջրածածկում»:

Ասուլիսի մյուս բանախոս Հ. Եմիշյանը խոսել է հնարավոր ջրածածկումների դեպքում իրականացվելիք կանխարգելիչ միջոցառումների մասին։ «Դեռևս փետրվարի վերջին ԱԻ նախարար Ա. Երիցյանը գրությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը ներկայացրել է 2013 թ. գարնանային վարարումների և սելավների վտանգներից ՀՀ բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքները, գյուղատնտեսական հողատեսքերն ու բնակչության գույքը պաշտպանելու նպատակով ՀՀ ԱԻՆ կողմից գետերի, հեղեղատարերի և սելավատարերի հուների հեղեղավտանգ հատվածների ուսումնասիրությունների արդյունքում մշակված անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկություններ։ Այժմ մենք մարզային փրկարարական վարչությունների և տեղի մարզպետարաննների համապատասխան ծառայությունների հետ սկսել ենք իրականացնել այդ միջոցառումները։Բնակիչները պետք է տեղյակ լինեն այս ամենի մասին և իրենք իրենց հերթին համապատասխան միջոցառումներ իրականացնեն` գույքն ամրացնել, թունաքիմիկատները հեռացնել, թանկարժեք իրերը բարձր տեղերում դնել և ավազով պարկեր պատրաստել»,- ասել է Հ. Եմիշյանը:

Շարունակելով թեման` Ն. Գրիգորյանը նշել է. «Խոսքը չի գնում հնարավոր աղետի մասին: Ջրածածկումը բնության սովորական երևույթ է, որի մասին իրազեկումը նպատակ ունի բնակչությանը հասցվող վնասները հասցնել նվազագույնի: ԱԻ նախարարությունը, մյուս նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ, ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը` դրան հասնելու համար: Եղեք ավելի իրազեկ, ուշադիր և պաշտպանված»:

Ասուլիսի վերջում Գ. Սուրենյանը ավելացրել է, որ մարտի 18-ին ջերմաստիճանը կրկին կնվազի, իսկ առաջիկա 5 օրերի ընթացքում սպասվում են ուժեղ քամիներ:

Ջրածածկումների հանգեցնող եղանակային փոփոխությունների մասին կարդացեք այստեղ:

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքներով պայմանավորված ԱԻՆ-ը նաև վարքականոն է հրապարակել:

Ի՞նչ անել մինչև ջրհեղեղը. Միշտ պատրաստ ունեցեք աղետի կապոց: Պատրաստեք ավազով լցված պարկեր: Մաքրեք կոյուղին: Պահեստավորեք խմելու ջրի և սննդի պաշար (մի քանի օրվա համար): Հետևեք ջրաօդերևութաբանական ազդարարման նշաններին: Կապիտալ շինարարություն կազմակերպեք միայն պետական համապատասխան մարմինների թույլտվությամբ: Նախատեսեք փրկարարական միջոցների պահուստներ (փրկարարական օղակ, փրկաբաճկոն և այլն): Անհրաժեշտության դեպքում կահույքը բարձրացրեք ջրի սպասվելիք մակարդակից բարձր: Թունավոր և վտանգավոր նյութերը տեղափոխեք ավելի ապահով տեղ: Ջրհեղեղի սպառնալիքի դեպքում անջատեք գազը, էլեկտրականությունը: Հետևեք տարահանման և ապաստարանի վերաբերյալ տեղեկատվությանը և կառավարման մարմինների ցուցումներին: Իմացեք ձեր բնակավայրի ռելիեֆը և ջրհեղեղի սպառնալիքի դեպքում այնտեղից անվտանգ հեռանալու ճանապարհները: Եթե չեք հասցրել բնակավայրից հեռանալ, ապա տրանսպորտով կամ ոտքով բարձրացեք ձեր բնակավայրին մոտ գտնվող բարձրադիր վայրերը (բլուր, լեռ և այլն): Պատրաստի ունեցեք լուսային ազդանշանային սարքեր: Ամրացրեք այն ամենը, ինչ կարող է լողալ ջրի մեջ (կահույք և այլն):

Ի՞նչ անել ջրհեղեղի ժամանակ. Մինչև կառավարման մարմինների համապատասխան ցուցումները մնացեք ապաստարաններում: Աղետի կապոցը թրջվելուց զերծ պահեք: Եթե տանն եք, ապա ոչ մի դեպքում մի օգտվեք կենցաղսպասարկման համակարգերից` երկրորդածին աղետներից խուսափելու համար: Մի փորձեք կտրել-անցնել ջրային հոսքը. 15 սմ խորության ջրի արագ հոսքը վտանգավոր է մարդու համար, իսկ 50 սմ-ը` անանցանելի սովորական մեքենաների համար: Ծանծաղ տեղերն անցնելիս հագեք ջրակայուն պինդ կոշիկներ և օգտվեք ձեռնափայտից: Եթե օգնության կարիք ունեք, ապա տվեք աղետի ազդանշան (խարույկ, բղավոց, կրակոց, դրոշներ, ազդանշան եւ այլն):

Ի՞նչ անել ջրհեղեղից հետո. Ուշադիր հետախուզեք Ձեր կացարանը` հիմքի ամբողջությունը. պատերի, պատուհանների և հատակի վիճակը. հաղորդակցության համակարգը. թունավոր օձերի հնարավոր առկայությունը. ստուգեք սննդի պիտանելիությունը, սննդամթերքը լվացեք եռացրած ջրով. խմելու ջուրն օգտագործեք սանիտարական ստուգումից կամ եռացնելուց հետո. մի օգտագործեք ջրում հայտնված սննդամթերքը. նախքան հաղորդակցության համակարգերից օգտվելը` ստուգեք դրանց վնասվածության աստիճանը. հաղորդակցության համակարգերի վերանորոգումը վստահեք մասնագետներին. վտանգավոր է մնալ այն տանը, որը վթարային է կամ վստահություն չի ներշնչում. առանց անհրաժեշտության մի մտեք ջրածածկ տարածքներ:

Մեկնաբանել