Օրգանական արտադրության ճանապարհին

Փետրվարին հայաստանյան ութ ընկերություն Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում արդեն տասներորդ անգամ մասնակցել է օրգանական արտադրության համաշխարհային ամենախոշոր ցուցահանդեսին՝ BioFach 2013-ին: Ցուցահանդեսի հայկական մասնակցությունը կազմակերպել է Հայաստանում օրգանական սերտիֆիկացում իրականացնող «Էկոգլոբ» ընկերությունը՝ ԱՄՆ-ի ՄԶԳ «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի աջակցությամբ: Հայաստանում օրգանական արտադրության առավելությունների, ոլորտի ներուժի և հեռանկարների մասին ՍիվիլՆեթը զրուցել է «ԷկոԳլոբ» ընկերության տնօրեն Նունե Դարբինյանի հետ:

— BioFach-ին մասնակցությունից հետո կարո՞ղ ենք խոսել արդյունքների մասին:

— BioFach-ը միջազգային կարևորագույն միջոցառում է, և այնտեղ ներկա լինելը՝ թե՛ ընկերությունների, թե՛ Հայաստանի համար՝ որպես երկիր, չափազանց կարևոր է: Այնտեղ աշխարհի բոլոր ծայրերից հավաքվում են արտադրողներ, ոլորտին առնչվող մասնագիտական ընկերություններ և մասնագետներ, և այնտեղ է, որ երկիրը կամ արտադրողը կարող է հայտարարել իր մասին, կարող է գտնել իր շուկաները: Մեր ընկերությունների համար շատ կարևոր էր, որ կրկին Armenian Organic անվամբ մասնակցեցինք: Նպատակները, իհարկե, հեռահար էին: Նախ՝ Հայաստանը հայտարարել որպես օրգանական արտադրանք արտադրող երկիր, առանձին ընկերությունների թույլ տալ գտնել իրենց շուկան: Ցուցահանդեսի ընթացքում գործնական կապեր են հաստատվել, պայմանավորվածություններ ենք ձեռք բերվել և՛ արտահանումների, և՛ Հայաստանում բացակայող որոշ բաղադրամասերի ներմուծման շուրջ:

— Օրինա՞կ:

— Օրինակ՝ մենք շուկայում չունենք օրգանական շաքար, սակայն օրգանական արտադրանքի բոլոր բաղադրամասերը, այդ թվում՝ շաքարը, պետք է օրգանական լինի:

— Շաքարի թեման շատ զգայուն է Հայաստանում:

— Դա զգայուն է ընդհանուր առմամբ, բայց ես դրան վերաբերվում եմ զուտ շուկայական տեսանկյունից՝ սթափ: Շատ կարևոր է, որ հայտնի դառնան Հայաստանում չարտադրվող յուրաքանչյուր բաղադրամասի աղբյուրները՝ որտեղ որոնել, որտեղ գտնել: Ամենադյուրին տարբերակը համապատասխան միջազգային տոնավաճառին մասնակցելն է:

— «ԷկոԳլոբը» սերտիֆիկացնում է օրգանական արտադրությունները: Դա միանվագ գործընթաց չէ, շարունակական է: Դուք ոչ միայն, ենթադրենք, արտադրությունն եք սերտիֆիկացնում, այլև ստուգում եք մատակարարներին և այլն: Օրգանական ոլորտի ընդլայնման դեպքում որքանո՞վ է հնարավոր ապահովել այդ ամենի շարունակականությունը: Վերջին հաշվով՝ մի օր կարո՞ղ է այնքան ընդլայնվել ոլորտը, որ Ձեր ուժերից վեր լինի պահանջներն ապահովելը:

— Ապահովելը հնարավոր է: Դա մարդկային, մասնագիտական պոտենցիալի խնդիր է: Մեր զարգացման և մեր կարգավորող նորմերը կամ ստանդարտները նախատեսում են, որ սերտիֆիկացնող մարմինը պետք է նաև պատրաստի պրոֆեսիոնալ կադրեր: Այսօր ես կարող եմ առանց ավելորդ համեստության ասել, որ օրգանական սերտիֆիկացման կամ վերահսկման ոլորտում մասնագիտական կադրեր պատրաստողը Հայաստանում, ցավոք, միայն մենք ենք: Չկա որևէ ուսումնական հաստատություն, որևէ բուհ կամ դպրոց, որը նման կադրեր կնախապատրաստի: Քանի որ այդ իրավասությունը մեզ է տրված, և պահանջն է մեզանից, մենք պատրաստում ենք: Իհարկե, Աստված տա՝ այն օրը գա, որ ոլորտն այնքան ընդլայնվի, որ մենք հանրապետությանը և հանրապետությունից դուրս տրամադրենք հարյուրավոր մասնագետներ:

— Ընկերությունները, որոնք ներկայացված են եղել BioFach-ին, արտադրում են որոշ արտադրատեսակներ, որոնք դրսի շուկաների համար են միայն նախատեսված: Օրգանական արտադրության հեռանկարը որտե՞ղ է՝ ներքի՞ն շուկայում, թե՞ դրսի:

— Դա ամենագլխավոր հարցերից է, թե ինչի համար ենք մենք ուզում օրգանիկը Հայաստանում զարգացնել. որովհետև կարող ենք հստակ ասել, որ նախադրյալները կան և մեծ են: Ես կարծում եմ, որ այսօր շատ ճիշտ զարգացում է տեղի ունենում. մեր բոլոր ընկերությունները, որոնք այդ վերջնական օրգանական արտադրանքը տալիս են, հանդես են գալիս և՛ դրսի, և՛ ներսի շուկայում: Անշուշտ, ընդլայնվելու, օրգանական արտադրության միջոցով տնտեսական աճի վրա էապես ազդելու համար ներքին շուկան բավարար չէ: Մենք շատ լավ պատկերացնում ենք մեր ներքին շուկայի սահմանափակ լինելը, թեև մեր բոլոր արտադրողները ներկայացված են նաև ներքին շուկայում, և ուրախալի է, որ միտված չեն միայն արտահանմանը:

Կա նաև այս հարցի մյուս կողմը. մենք՝ որպես երկիր, տարիներ առաջ կորցրինք բազմաթիվ շուկաներ, այդ թվում՝ գյուղմթերքի՝ թարմ կամ վերամշակված: Այսօր Հայաստանը այդ շուկաների վերահաստատման կամ նոր շուկաներ փնտրելու ժամանակաշրջանում է, և այդ շուկաները թելադրում են, տալիս են պահանջարկի հնարավորությունները:

— Եթե խնդրին նայենք երկրի պարենային անվտանգության տեսակետից, ապա նույն մակերեսի վրա աճեցված օրգանական սնունդը շատ ավելի թանկ է, քան սովորական սնունդը: Արդյոք հակասություն չկա՞ օրգանական արտադրության և ընդհանրապես՝ երկրի պարենային անվտանգության միջև:

— Միանշանակ կարող եմ ասել, որ վտանգ չկա: Նախ՝ համաձայն չեմ, որ օրգանական արտադրությունն ավելի թանկ է, քան ավանդականը: Այդպես չէ: Միայն վերցրեք այն փաստը, որ օրգանական արտադրության մեջ չեն կիրառվում քիմիական պարարտանյութեր կամ պեստիցիդներ: Այսինքն՝ դրանց վրա ծախս կատարելու հարցերը դուրս են գալիս արտադրությունից, իսկ սերտիֆիկացման ծախսը երբևէ ավելի չի լինում այդ ծախսերից: Մենք կարող ենք խոսել նույն ինքնարժեքի կամ հաճախ՝ նույնիսկ ավելի ցածր ինքնարժեքի մասին՝ արտադրության իմաստով: Պարզապես օրգանական արտադրության մեջ՝ զուտ հողի մակարդակով, ֆերմերի մակարդակով, անհրաժեշտ է անցնել երկու-երեք տարի անցումային շրջան, մինչ արտադրանքը կսերտիֆիկացվի որպես օրգանական: Այդտեղ բերքի որոշակի կորուստներ են լինում. եթե այսօր ֆերմերը օգտագործել է, օրինակ, ազոտական պարարտանյութ, որից բերքի քանակությունը շատ է լինում, այն պահից, երբ դադարի օգտագործել այդ պարարտանյութը, հողը մեկ-երկու տարի պետք է ադապտացվի, և բերքը կարող է լինել ավելի պակաս: Այս խնդրի մասին մենք կարող ենք խոսել, բայց ճիշտ և գրագետ օրգանական նորմերի պահպանումը նպաստում է և՛ հողի բերրիության բարձրացմանը, և՛ բերքատվության կարգավորմանը: Եթե մենք վերահաշվարկենք թե՛ բնության, թե՛ մարդու առողջության վրա ազդեցությունը, իհարկե շատ մեծ են երկրի եկամուտները և մարդու առողջ կենսակերպի արժեքների վերադարձի առումով շատ կարևոր են:

— Հետաքրքիր է, օրինակ, մեղվաբուծության ոլորտը: Մեղրը, որ արտադրվում է ավանդական ձևով, և մեղրը, որ արտադրվում է օրգանական տարբերակով. գնային տարբերությունը որքա՞ն կարող է կազմել:

— Մեր մեղր արտադրողները, ցավոք, շատ չեն դեռ, որ սերտիֆիկացված են: Սակայն երբ նայում եմ նրանց գներին շուկայում, որոշ դեպքերում տեսնում եմ գնի կրկնակի տատանում: Սա մանրածախ վաճառքի կետերում, որովհետև ես պատասխանատու չեմ, թե մեղվապահը որքանով է վաճառում իր գնորդին: Երբեմն էլ տեսնում եմ, որ սերտիֆիկացված օրգանական մեղրը դրված է նույն գնով, ինչ սովորական մեղրն է: Ես, իհարկե, խոսում եմ շշալցված, փաթեթավորված մեղրի մասին: Բայց դա շուկայի կարգավորման հարց է: Այսօր քիչ արտադրող ունենք, և սա է պատկերը: Այսօր ոլորտը, կարծես, միտում ունի զարգանալու:

Երեկ [մարտի 11-ին] մենք ունեցել ենք մեծ ասուլիս Մեղվապահների ասոցիացիայի հետ, և կարծեք թե ոլորտը պետք է զարգանա: Արտադրության ծավալների աճին զուգահեռ կկարգավորվեն գները: Իսկ միջազգային շուկայի առումով՝ պետք է փաստենք, որ մեզ համար նախընտրելի է օրգանականի շուկան, որովհետև այնտեղ շուկան արտադրողին կամ վերավաճառողին ավելի բարձր, հավելյալ արժեք է վճարում:

Զրուցել է Կարեն Հարությունյանը

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք այստեղ:

Մեկնաբանել