Թուրքիայի մեծ խաղը. FT-ի անդրադարձը Էրդողանի ԱՄՆ այցին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 15-ին պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ: Այցին անդրադարձել է բրիտանական Financial Times պարբերականը` «Թուրքիայի մեծ խաղը» վերտառությամբ խմբագրականում:

Ավելի վաղ Financial Times-ը գրել էր, որ Անկարան, հաշվի չառնելով Բաղդադի ու Վաշինգտոնի նախազգուշացումները, էներգետիկ համաձայնության է եկել Հյուսիսային Իրաքի Քրդական Ինքնավարության հետ: Խոսքը, մասնավորապես, Քրդական Ինքնավարության տարածքում գազի և նավթի շուրջ համագործակցության մասին է: Նշվում է, որ այդ համաձայնագրերի ճակատագիրը պարզ կդառնա Էրդողանի վաշինգտոնյան այցից հետո:

«Թուրքիայի մեծ խաղը» հոդվածում ներկայացվում է հենց այս խնդիրը, խոսվում հնարավոր ռիսկերի մասին, որոնք կարող են հանգեցնել Հյուսիսային Իրաք-Թուրքիա հարաբերությունների սերտացմանը:

Ըստ պարբերականի` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Էրդողանի հետ հանդիպմանը կզգուշացնի, որ Քրդական Ինքնավարության հետ Թուրքիայի հարաբերությունների սերտացումը հանգեցնում է Իրաքի մասնատմանը: ԱՄՆ-ի նախագահը կզգուշացնի նաև, որ Իրաքի քրդերի հետ համագործակցությունը կստիպի երկրի կենտրոնական իշխանություններին և վարչապետ Նուրի ալ Մալիքիին նետվել Իրանի գիրկը:

Իրաքի քրդերի հետ Թուրքիայի սերտ կապերի հաստատումը «շատ տրամաբանական է» , սակայն դրանով Թուրքիան մեծ խաղ է խաղում, ինչը նաև մեծ ռիսկեր է պարունակում, գրում է FT-ն:

Մեկնաբանել