Ամեն ինչ արել են, որ Սյունյաց Արծվաբույնը դառնա հավաբուն. Գորիսի նախկին քաղաքապետ

Սա միայն հերթական ոճրագործությունն էր. անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կատարված դեպքին՝ նշեց 1992-1994թթ. Գորիսի քաղաքապետ Սամվել Հարությունյանը «Երկիր մեդիա» հեռուստատեսության «Երկրի հարցը» հաղորդման շրջանակում: Նրա խոսքով՝ Սյունիքը վստահելով նման տխրահռչակ և կյանքը հանցագործություններով կառուցած մարդու՝ Սուրիկ Խաչատրյանին, պետությունն ամեն ինչ արել է, որ Արծվաբույնը դառնա հավաբուն:

«Գորիսում, Սյունիքում այս տարիներին բազմաթիվ ոճրագործություններ են կատարվել,- ասաց նա:- Մասնավորապես, առաջին զինված հեղաշրջման փորձը կատարվել է Գորիսում: Բացեք ժամանակի մամուլը՝ մասնավորապես, դաշնակցական մամուլը: Սուրիկ Խաչատրյանն այն ժամանակ հրամանատար էր. եկավ մի զինված ոճրախմբով և գրավեց անզեն քաղաքապետարանի շենքը: Դա եղավ նրա միակ ռազմական հաջողությունը: Հետագայում դատարանը գործը քննեց և բավարարվեց միայն տուգանքով: Իսկ դրանից հետո Սուրիկ Խաչատրյանը պատգամավորների վրա զենքը պահելով, մի մասին էլ որդիների սպառնալիքով, հիշեցնեմ, որ եռամսյա զորավարժանքների էին գնում, մեկ էլ երկրորդ-երրրորդ օրը դիակներն էին բերում, ահա այսպես սպառնալով՝ ստորագրել տվեց Գորիսի քաղաքապետի նկատմամբ անվստահության թուղթը»:

Նախկին քաղաքապետը նշեց, որ Արցախյան ճակատամարտի համար բախտորոշ, դժվարագույն շրջանում Սուրիկ Խաչատրյանը, որ հրամանատար էր, ոչ միայն չէր մեկնում դիրքեր, այլև՝ քաղաքացիական կյանքում իր զենքերով անդադար ահաբեկում ու սպառնում էր մարդկանց: «Իր կենսագրությունը երկու շրջան ունի. խորհրդային շրջան, երբ նա չորս անգամ դատապարտվել և ազատազրկվել է տարբեր հանցագործությունների համար՝ բուֆետի գողության, չարամիտ խուլիգանության, Կարմեն Առուստամյանի՝ հետագայում մեր բանակի մայոր, աչքը թափելու համար: Մի քանի տարի անց ամուսնացած լինելով և երկու աղջիկների հայր լինելով՝ թուրք աղջիկ է առևանգում, բռնաբարում, ինչի համար էլ դատապարտվում ու նստում է Շուշիի բանտում,- ասաց նա,- այս ամենը բոլորը գիտեն, դատավճիռները կան, բայց ասեմ, որ նրա քրեական կենսագրության մեջ այս՝ խորհրդային շրջանը, միայն մի կաթիլ է»:

Հարությունյանն ասաց, որ Սուրիկ Խաչատրյանը Գորիս է եկել բավական չունևոր՝ միայն մի ավտոմեքենա ուներ, և մի հին գորգ, որ ձգտում էր վաճառել քաղաքապետարանին: «Հիմա միլիոնատեր է դառել. ասում են՝ կլինիկա է ունեցել, նվիրել է հայրենիքին. չկա նման բան»,- ասաց նա:

Գորիսի նախկին քաղաքապետը նշեց, որ հատկապես ցավալի է այն, որ Սուրիկ Խաչատրյանի յուրաքանչյուր ծանր հանցագործությանը հաջորդել է նրա պաշտոնի բարձրացումը: «Հիմա ես վստահ եմ, որ Սուրիկ Խաչատրյանը կուզենա ոչ միայն շարունակել օգտվել մարզպետի իրավունքներից, այլև՝ պաշտոնի բարձրացում է ակնկալում: Դա անընդունելի է: Պետք է անհապաղ պաշտոնանկ անել և պատասխանատվության ենթարկել: Ես ավելի քան համոզված եմ, որ նա ոչ միայն քնած չի եղել, ինչպես ասում են, այլև հենց տեղում է եղել»,- ասաց Հարությունյանը:

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Մեկնաբանել