Միխայիլ Պրոխորովը չի մասնակցի Մոսկվայի քաղաքապետի ընտրություններին

«Գրաժդանսկայա պլատֆորմա» կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը հայտարարել է, որ չի մասնակցելու Մոսկվայի քաղաքապետի ընտրություններին, հաղորդում է ռուսական «Կոմերսանտ» թերթը։ Ընտրություններին չի մասնակցելու նրա կուսակցությունից ոչ մեկը։

«Կուսակցությունը չի մասնակցելու գործող քաղաքապետի լիազորությունների երկարաձգման գործընթացին»,- այսպես է նա բացատրել իր որոշումը լրագրողներին։

Պրոխորովի կրծիքով՝ Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունն «արել է ամեն ինչ, որպեսզի թույլ չտա՝ «Գրաժդանսկայա պլատֆորման» դառնա հիմնական թեկնածու քաղաքապետի ընտրություններում», որոնց արդյունքները «կանխորոշված են»։ Նա իր կողմնակիցներին առաջարկել է ջանքերը կենտրոնացնել Մոսկվայի քաղաքային դումայի՝ հաջորդ տարի կայանալիք ընտրությունների ուղղությամբ։ «Քաղաքապետը ձերն է, Դուման՝ մերը։ Դուք մեզանից խլել եք քաղաքապետին, մենք ձեզանից կխլենք Դուման»,- խոստացել է Պրոխորովը։ Նա նշել է, որ առաջադրվելու տեխնիկական հնարավորություն ունեցել է, բայց «խորամանկության չի դիմել»։

Միլիարդատերը խոստացել է ժամանակի ընթացքում փակել արտասհմանյան բոլոր հաշիվները։ Ռուսաստանի Պետդումայի՝ անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Իրինա Յարովայան վերջերս հայտարարել էր, որ եթե Միխայիլ Պրոխորովը առաջադրվի Մոսկվայի քաղաքապետի ընտրություններին, պետք է ակտիվները տեղափոխի Ռուսաստան կամ վաճառի։

Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը ռուսական Ինտեֆաքս գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ «Գրաժդանսկայա պլատֆորմայի»՝ Մոսկվայի քաղաքապետի ընտրություններին մասնակցությունից հրաժարումը ընտրություններն ամբողջությամբ զրկում է ինտրիգից։

Մինչ այս Պրոխորովը դիտարկվում էր Մոսկվայի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինի գլխավոր պոտենցիալ մրցակից։

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Ռուսաստանի նախագահ Վալադիմիր Պուտինը ընդունեց Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրաժարականի մասին դիմումը և նրան նշանակեց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Մոսկվայի քաղաքապետի ընտրություններն անցկացվելու են սեպտեմբերի 8-ին։

Մեկնաբանել