Սիրիայում հակամարտության զոհերի թիվը առնվազն 93 հազ․ է․ ՄԱԿ

Սիրիական հակամարտության ավելի քան երկու տարվա ընթացքում զոհվել է նվազագույնը 93 հազ․ մարդ, վկայում են ՄԱԿ-ի վերջին տվյալները, որոնք կազմակերպությունը հրապարակել է հունիսի 13-ին։

Ինչպես հաղորդում է BBC-ն, ՄԱԿ-ի գնահատականներով՝ սկսած անցյալ տարվա հուլիսից՝ Սիրիայում ամեն ամիս զոհվել է մոտ 5 հազ․ մարդ։

Ընդ որում՝ կազմակերպության փորձագետները նշում են, որ զոհվածների իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, քանի որ մահվան շատ դեպքեր պաշտոնապես չեն գրանցվում։

Զոհվածների ավելի քան 80%-ը տղամարդիկ են, սակայն միաժամանակ ՄԱԿ-ը ունի տվյալներ մինչև տասը տարեկան ավելի քան 1700 երեխաների մահվան մասին։

Ավելի վաղ ՄԱԿ-ը հրապարակել էր զեկույց, որում նշվում էր, որ հակամարտության ընթացքում սպանվել են հազարավոր երեխաներ։

Հիշեցնենք, որ սիրիական ճգնաժամը շարունակվում է 2011թ․ մարտից։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։

Մեկնաբանել