Կճոյան երևույթի մասին

Հասարակական մի նախաձեռնություն՝ «Մենք ենք մեր երկրի վաղվա տերը», երեկ հայտարարություն է տարածել, որ ստորագրահավաք է նախաձեռնում՝ ուղղված Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ անելու պահանջով:

Որ Հայ առաքելական եկեղեցում վաղուց օդիոզ հոգևորականներից ազատվելու անհրաժեշտություն կա, որևէ կասկած լինել չի կարող: Բարձրաստիճան հոգևորականներից ոմանք իրենց վարքագծով և կենսակերպով որևէ կերպ չեն տեղավորվում հոգևորական գործչի կերպարի սահմաններում, ինչը հարվածում է առաջին հերթին Հայ առաքելական եկեղեցու հեղինակությանը հասարակության շրջանում: Նույն Ամենայն հայոց կաթողիկոսը բազմաթիվ անգամներ է հայտնվել հանրային քննադատության թիրախում իշխանությունների նկատմամբ ունեցած խիստ կասկածելի լոյալության և աշխարհիկ կենսակերպի համար: Այս ամենը հուշում է, որ բարձրագույն հոգևորականության շարքերում լրջագույն բարեփոխումներ անցկացնելու կարիք կա, պետք է հոգևոր դասը մաքրել պատեհապաշտ ու հոգևորականի բարոյական կերպարին հակասող մարդկանցից:

Հավանաբար առաջինը պետք է սկսել հենց արքեպիսկոպոս Կճոյանից: Եթե շրջանցենք նաև նրա անվան հետ կապվող օֆշորային սկանդալը, ապա մեծ հաշվով նրա գործունեությունը իրավական առումով խնդիրներ չի հարուցում: «Կճոյան» երևույթի խնդիրը հոգևոր-բարոյական ոլորտում է: Կճոյանը, որը լավագույնս մարմնավորում է Հայ առաքելական եկեղեցու ներկայիս վերնախավի աշխարհիկ կենսակերպը, լրջագույն մարտահրավեր է հայկական ներկայիս ինքնության հենասյուներից մեկին՝ Հայ առաքելական եկեղեցուն: Նույնիսկ եթե Աստված անձամբ նվիրած լիներ նրան «Բենթլի», նա որևէ բարոյական իրավունք չունի այն ունենալու որպես սեփականություն, առավել ևս՝ աղքատության 40 տոկոս ցուցանիշ ունեցող երկրում:

Սա որևէ կերպ չի տեղավորվում հոգևորականի բարոյական կոդեքսի շրջանակում: Ավելին՝ այդպիսի երևույթներն անմիջականորեն հեղինակազրկում են ոչ միայն Կճոյան հոգևորականին, այլև Հայ առաքելական եկեղեցուն որպես կրոնական միավոր, որպես պատմական արժեք: Այս հանգամանքներն արդեն վաղուց պետք է անհանգստացրած լինեին հոգևոր վերնախավին և անձամբ կաթողիկոս Գարեգին Բ-ին: Սակայն մինչ այժմ չի լսվել որևէ քննադատություն, զսպվածության որևէ կոչ, իսկ այդպիսի համերաշխություն հիշեցնող լռությամբ Գարեգին Բ-ն փաստացի համաձայն է կամ առնվազն դեմ չէ, որ որոշ հայ բարձրաստիճան հոգևորականներ իրականում արատավորեն Հայ առաքելական եկեղեցու բարի համբավը:

Բարձրաստիճան հոգևոր դասի նման վերաբերմունքը ոչ միայն դեգրադացնում է ամբողջ հոգևոր դասին, այլ նաև բարոյալքում է հայ հասարակությունը, որը դարեր շարունակ Հայ առաքելական եկեղեցուն վերաբերվել է խորին հարգանքով:

Մեկնաբանել