Սենատը հաստատել է Սամանտա Փաուերին ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում

ԱՄՆ-ի Սենատը հաստատել է Սամանտա Փաուերի թեկնածությունը ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցչի պաշտոնում, հաղորդում է Reuters-ը։

Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 87 սենատոր, դեմ՝ տասը։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման գոհունակություն է հայտնել օրենսդիրների որոշման կապակցությամբ։ Պետության ղեկավարը վստահ է, որ Փաուերը նոր պաշտոնում իրեն կդրսևորի լավագույնս։

«Որպես մարդու իրավունքների լավ հայտնի պաշտպան՝ նա կպաշտպանի համընդհանուր իրավունքները, հիմնարար ազատությունները և ԱՄՆ-ի ազգային շահերը։ Ես շնորհակալ եմ Սամանտային այն բանի համար, որ նա կշարունակի աշխատել իմ թիմում, և գիտեմ, որ ՄԱԿ-ում մեր առաքելությունը նրա ղեկավարությամբ կշարունակի ամերիկյան դիվանագիտությունը ներկայացնել լավագույնս»,- հայտարարել է Օբաման։

Փաուերը նախկինում զբաղեցրել է նախագահի՝ մարդու իրավունքների և միջազգային հարցերով խորհրդականի պաշտոնը։ Նրա թեկնածությունն առաջադրել էր Բարաք Օբաման, երբ հայտարարվել էր, որ ՄԱԿ-ում նախորդ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը փոխարինելու է Թոմաս Դոնիլոնին նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում։

Սամանտա Փաուերը Պուլիտցերյան մրցանակ է ստացել իր «Խնդիր դժոխքից․ Ամերիկան և ցեղասպանության դարը» գրքի համար, որում բացահայտում է Ամերիկայի ընկալումը և արձագանքը 20-րդ դարի ցեղասպանություններին՝ Հայոց ցեղասպանությունից մինչև Կոսովոյի պատերազմի «էթնիկ զտումներ»։

Մեկնաբանել