«Անտառային հրդեհների հակազդում» թեմայով ուսումնավարժանք` Սիսիանում

Գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ` Հայաստանի տարբեր շրջաններում անցկացվում է «Անտառային հրդեհների հակազդում» թեմայով ուսումնավարժանքը, որի նպատակն է կանխարգելել անտառային հրդեհները, կատարելագործել հրդեհաշիջման հմտությունները և ապահովել անտառների հակահրդեհային պաշտպանունակությունը:

Ինչպես հաղորդում են գյուղնախարարության մամուլի ծառայությունից` գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կարգադրությամբ այս անգամ ընտրվել է Սիսիանի տարածաշրջանի Բռնակոթ համայնքը, որտեղ կայացած ուսումնավարժանքին մասնակցել են գյուղատնտեսության նախարարության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, մարզային համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներ, ոստիկանության ներկայացուցիչներ: Մասնակիցներն իրենց զեկույցներում շեշտել են, որ անտառամերձ համայնքներում հողատերերը հրկիզում են խոզանը և խոտհարքները, ինչը հրդեհի օջախ է դառնում անտառային տարածքներում և հրկիզումների մեղավորները չեն ենթարկվում պատասխանատվության:

Անտառամերձ համայնքների ղեկավարների ուշադրությունն է հրավիրվել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի համապատասխան դրույթի վրա, որը պարտավորեցնում է արգելել բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքների այրումը և պատժաչափեր սահմանում իրավախախտների նկատմամբ:

Ուսումնավարժանքի մասնակիցները կարևորել են նաև հանրային իրազեկության գործոնը և նոր ձևաչափեր առաջարկել անտառի պահպանության առումով առավել թիրախավորված տեղեկատվական քաղաքականություն իրականացնելու համար:

Մեկնաբանել