ՏԿՆ-ում քննարկվել են Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը ` բանկի տնօրենների խորհրդում Հայաստանի ծրագրերի պատասխանատու Բհիմանտարա Վիդյաջալայի (Bhimantara Widyajala) գլխավորությամբ: Ինչպես տեղեկացնում են ՏԿՆ մամուլի ծառայությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև էկոնոմիկայի, տրանսպորտի և կապի, տարածքային կառավարման նախարարությունների և ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչներ:

Քննարկվել են ԱԶԲ-ի հետ համագործակցությանը, բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր: «Ասիական զարգացման բանկը ՀՀ կառավարության խոշոր գործընկերներից է, մենք բանկի հետ ունենք համագործակցության մեծ փաթեթ և կարևորում ենք ծրագրերի հաջող իրականացումը»,-նշել է փոխվարչապետը:

Կողմերն անդրադարձել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման ծրագրին` երկուստեք ընդգծելով նախանշված ժամկետներում աշխատանքների հաջող իրականացումը: Փոխվարչապետը նշել է, որ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ նման մասշտաբային ճանապարհաշինական ծրագիր առաջին անգամ է կյանքի կոչվում, և հայկական կողմը շահագրգռված է ծրագրի հաջող իրականացմամբ:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել բանկի աջակցությամբ իրականացվող ջրամատակարաման և ջրահեռացման ծրագրի ընթացքից: Առաջին ծրագիրն ավարտվել է, արդեն մեկնարկել է նմանատիպ երկրորդ ծրագիրը, որում ընդգրկված է 90 գյուղական և 18 քաղաքային համայնք:

Բանկի աջակցությամբ իրագործվող մեկ այլ` կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում նախատեսվող ծրագրի հետ կապված նշվել է, որ արդեն մեկնարկել են առաջին արդյունքների հրապարակային քննարկումները, որից հետո կոնկերտ առաջարկություններ կներկայացվեն կառավարություն:

Հանդիպմանը քննարկվել են նաև կառավարության և բանկի միջև համագործակցության եռամյա ծրագրի հաստատման, համագործակցության նոր` հնգամյա ռազմավարության մշակման հետ կապված հարցեր:

Մեկնաբանել