Սիրիայի հարցով խաղաղ համաժողովը` ռազմական հարվածներից հետո. ԱՄՆ

ԱՄՆ-ը մտադիր է հասնել Ժնևում Սիրիայի հարցով խաղաղ համաժողովի իրականացմանը, սակայն արդեն այս երկրին ռազմական հարված հասցնելուց հետո: Այս մասին, ինչպես հաղորդում է BBC-ն, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսը:

Նրա խոսքով` ԱՄՆ-ը կվերականգնի դիվանագիտական ջանքերը «ռազմական սահմանափակ հարվածներից հետո»:

Ընդ որում` Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լուրջ թերահավատությամբ է վերաբերվում Ռուսաստանի և Սիրիայի` սիրիական քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու առաջարկին:

Վաշինգտոնում ենթադրում են, որ դա կարող է ժամանակ ձգելու պատրվակ լինել:

Հիշեցնենք, որ Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2 մլն սիրիացի, ևս 4 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

ԱՄՆ-ը Ասադի ուժերին մեղադրում է Դամասկոսի արևելյան արվարձանում՝ Ղուտայում, օգոստոսի 21-ին գազային հարձակման ընթացքում 1429 մարդու սպանության մեջ: Դամասկոսը հերքում է, որ քիմիական զենք է կիրառել:

Ակնկալվում է, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի Կոնգրեսում տեղի կունենան քնարկումներ և քվեարկություն սիրիական օբյեկտներին հարված հասցնելու նպատակահարմարության շուրջ։

Ժնևում սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային համաժողով անցկացնելու նախաձեռնությամբ մայիսի սկզբին հանդես էին եկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին։ Այն պետք է դառնար Ժնևում 2012թ․ հունիսի 30-ի հանդիպման շարունակությունը։ Ի սկզբանե նախատեսվում էր համաժողովն անցկացնել հունիսի սկզբին, սակայն ավելի ուշ ժամկետները տեղափոխվեցին հուլիս, ապա օգոստոս։

Մեկնաբանել