Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը կոչ է անում արտաքսել գնչուներին

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսը կոչ է արել երկրից արտաքսել գնչուներին, հաղորդում է BBC-ն։

Նրա խոսքով՝ գնչուները չեն կարողանում ինտեգրվել Ֆրանսիայում, և նրանց մեծ մասին հարկ է «հետ ուղարկել»։

Այս հայտարարությունը ենթարկվել է Եվրահանձնաժողովի, իրավապաշտպանների և Ֆրանսիայի կառավարության առնվազն մեկ նախարարի խիստ քննադատությանը։

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել դադարեցնել Ֆրանսիայից գնչուների արտաքսումը։

Իրավապաշտպան կազմակերպության տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին վեց ամիսներին գնչուների ժամանակավոր վրանային «քաղաքներից» արտաքսվել է ավելի քան 10 հազ․ մարդ։

Amnesty International-ի ներկայացուցիչների խոսքով՝ նախարար Վալսի հայտարարությունը միայն «կամրապնդի կարծրատիպերը և կսրի թշնամությունը» Ֆրանսիա Ռումինիայից, Բուլղարիայից և նախկին Հարավսլավիայից ժամանած մոտ 20 հազ․ գնչուների նկատմամբ։

Մանուել Վալսի խոսքերը քննադատության են ենթարկվել նաև Ֆրանսիայի տնտեսական առողջացման նախարար Առնո Մոնտենբուրի կողմից։

Նրա խոսքով՝ «տեսությունը, համաձայն որի՝ ինչ-որ մարդիկ կամ ինչ-որ խմբեր երբեք չեն կարողանա ինտեգրվել, թույլ է»։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հայտարարությունը քննադատության են ենթարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը, Եվրահանձնաժողովը, ինչպես նաև գնչուների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները։ Նրանցից որոշները պատրաստվում են դիմել դատարան՝ Վալսին մեղադրելով ռասայական ատելություն սերմանելու մեջ։

Վալսն ասում է, որ իր խոսքերի համար ներողություն խնդրելու որևէ պատճառ չի տեսնում, և վստահեցնում է, որ գնչուների կենսակերպը «ակնհայտ հակասում է» ֆրանսիական արժեքներին։

«[Գնչուների] մեծ մասին հարկ է սահմանից այն կողմ ուղարկել։ Մենք չպետք է մեզ մոտ ընդունենք այդ մարդկանց»,- կարծում է նախարարը։

Մանուել Վալսը իշխանության տեղական մարմիններին կոչ է արել պարբերաբար ցրել գնչուների վրանային ճամբարները, ինչպես նաև առաջարկել է գնչուներին տրամադրել այն երկրների ավիատոմսեր, որտեղից նրանք ծագում են։

Բացի այդ՝ Վալսը դեմ է հանդես գալիս Բուլղարիայի ու Ռումինիայի՝ Շենգենյան գոտուն անդամակցելուն։

Ինքը՝ Մանուել Վալսը, ծնվել և մանկության մի մասն անց է կացրել Բարսելոնում։ Նա Ֆրանսիայի քաղաքացիություն է ընդունել 20 տարեկանում։

Մեկնաբանել