Դավութօղլուի հայտարարությունը թուրքական ձախողումը քողարկելու փորձ է. Տիգրան Բալայան

Արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

«Արձանագրությունների ստորագրումից անցել է չորս տարի և այս չորս տարիների ընթացքում մենք թուրքական կողմի նույն հին երգն ենք լսում՝ ինչ-որ ստեղծագործ մոտեցումների մասին: Դրանք ոչ այլ ինչ են, քան միջազգային հանրության կողմից ակնկալվող արձանագրությունների առանց նախապայմանների վավերացման և իրականացման գործընթացի թուրքական կողմից ձախողումը քողարկելու շարունակական փորձեր»,- ասել է Տիգրան Բալայանը` պատասխանելով «Արմինֆո»-ի հարցին:

«Թուրքիան ձգտում է հարաբերությունների բարելավմանը, սակայն՝ վերապահումներով, – հոկտեմբերի 10-ին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը` Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռն կատարած պաշտոնական այցի ժամանակ: -Փորձում ենք գաղափարներ մշակել և քննարկել:

2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում կնքվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնցից մեկը վերաբերում էր երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը, մյուսը` դիվանագիտական կապերի հաստատմանը: Թեև արձանագրությունների ստորագրումից անցել է չորս տարի, Թուրքիայի դրանք չի վավերացրել և նաև պատրաստակամություն չի հայտնել վավերացնել:

Մեկնաբանել