Ուկրաինական գարունը և ռուսական միֆը

Ուկրաինայում ստեղծված ներքաղաքական իրավիճակը մարտահրավեր է նետում մի շարք կարծրացած մոտեցումների: Երկար ժամանակ Հայաստանում փաստարկ էր բերվում, որ հանրային լայն մասշտաբի բողոքները կազմակերպում են միջազգային ուժերը, հիմնականում՝ Արևմուտքը: Արաբական գարնանից հետո մարդիկ հաճախ պնդում էին, որ Մերձավոր Արևելքի երկրներում հանրային բողոքը տեղի է ունեցել Արևմուտքի միջամտության պատճառով: Սակայն ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Մերձավոր Արևելքի երկրներում մարդիկ դեմ են եղել իշխանության վարած քաղաքականությանը, որի պատճառով էլ դուրս են եկել փողոց: Հանրային բողոքի միակ պատճառը շարունակում է մնալ իշխանությունը, քանի որ իշխանությունն է հանրության կամքին հակառակ քայլեր ձեռնարկում, որի արդյունքում էլ ծնվում է բողոքը և հեղափոխությունը:

Ուկրաինայի ներքաղաքական իրավիճակը մարտահրավեր է նետել նաև այն մոտեցմանը, որ Ռուսաստանը ամենակարող ուժ է, ու Կրեմլը կարող է ցանկացած երկրում տեղակայված իր ռազմաբազաների միջոցով հասնել ցանկացած արդյունքի: Ասոցացման պայմանագրի տապալումից հետո Կրեմլը ներկայանում էր որպես այդ արդյունքի հիմնական հեղինակներից մեկը, քանի որ ռուսական ամբողջ պետական համակարգը լծվել էր Ուկրաինայի վրա ճնշումներ գործադրելուն: Նախագահ Վիկտոր Յանուկովիչի վրա ճնշումներ գործադրելուց և Ասոցացման պայմանագրի բանակցությունների դադարեցումից հետո Կրեմլին թվում էր, թե կարողացել է հասնել ցանկալի արդյունքի:

Սակայն ուկրաինացիները չհաշտվեցին այդ մտքի հետ և դուրս եկան փողոց, որի արդյունքում ամբողջությամբ փոխվեց իրավիճակը: Ուկրաինացիները ցույցեր են անում տարբեր քաղաքներում, պահանջում են ստորագրել Ասոցացման պայմանագիրը, մի մասը նաև պահանջում է նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականը: Ռուսաստանը ունի զինված ուժեր Ղրիմում, սակայն ստեղծված իրավիճակում այն որևէ դեր չի խաղում:

Կարծիք կար, որ Յանուկովիչի կողմից Ասոցացման պայմանագրի բանակցությունների դադարեցումից հետո ամեն ինչ անդառնալի է, սակայն քաղաքացիները ցույց տվեցին, որ իրենք չեն հաշտվում ստեղծված իրավիճակի հետ և փողոց են դուրս եկել այն փոխելու համար:

Ուկրաինայի ներքաղաքական զարգացումները առաջին հերթին մարտահրավեր են Ռուսաստանին, քանի որ փողոց դուրս եկած մարդկանց պահանջի մեջ է մտնում Ասոցացման պայմանագրի ստորագրումը: Իսկ դա ենթադրում է, որ հանրային բողոքի հանգուցալուծման դեպքում Ասոցացման պայմանագիրը կստորագրվի, որը Ռուսաստանի համար պարտություն կլինի: Ուկրաինայի կորուստը Ռուսաստանի համար նշանակում է նաև Ռուսական կայսրության ավարտ: Ժամանակին քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին ասել էր, որ առանց Ուկրաինայի՝ Ռուսաստանը դադարում է կայսրություն լինել:

Արաբական գարունը ցույց տվեց, որ ընդվզումների ալիքը շատ արագ կարող է տարածվել դեպի հարևան երկրներ: Մյուս վտանգն էլ այն է, որ Ուկրաինայում բարձրացած ալիքը կարող է նաև հասնել Ռուսաստան, որի արդյունքները շատ ծանր կլինեն Պուտինի և նրա թիմի համար:

Ուկրաինայում սկիզբ առած հանրային բողոքը կրկին հաստատեց, որ հանրային բողոքի նախաձեռնողը հենց քաղաքացիներն են, և հանրային կամքին հակառակ ցանկացած որոշում կարող է հեղափոխական իրավիճակ ստեղծել պետությունում: Այն նաև ցույց տվեց, որ Ռուսաստանը ևս անզոր է հանրային բողոքը չեզոքացնելու հարցում, եթե գոյություն ունի հանրային կամք: Փորձը ցույց է տալիս, որ եթե առկա է հանրային կամք, ապա հնարավոր է մեկուսացնել միջազգային բոլոր սուբյեկտներին և փոխել պետության ցանկացած քաղաքական կուրս:

Մեկնաբանել