Մենք վստահում ենք կառավարությանը. Հովիկ Աբրահամյան

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 24-ին խորհրդարանի Կանաչ դահլիճում բացված ցուցահանդեսի ընթացքում լրագրողների խնդրանքով անդրադարձավ կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի` «Բարգավաճ Հայաստանի», Հայ ազգային կոնգրեսի, Հայ հեղափոխական դաշնակցության և «Ժառանգության» որոշմանը:

ԱԺ նախագահի խոսքով` ինքը կողմ է, որ «հարցեր լինելու դեպքում դրանք քննարկվեն, և լուծումներ տրվեն, սակայն հարցի վերաբերյալ իր տեսակետը կներկայացնի առաջիկայում»:

Անդրադառնալով կառավարության նկատմամբ հանրության վստահության վերաբերյալ հարցին` Հովիկ Աբրահամյանն ասաց. «Մենք վստահում ենք կառավարությանը և մենք ենք այն ձևավորել, բայց հանրային հարցում չենք իրականացրել` հասկանալու` վստահում են մարդիկ, թե ոչ»:

Հարցին, թե ինչպես է ԱԺ խոսնակը մեկնաբանում ԵԿՄ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե «չնայած ազգաբնակչության 80 տոկոսը դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, բայց բարեփոխումը պետք է իրականացվի», Հովիկ Աբրահամյանն ասաց. «Եթե հարցեր ունեք, կազմակերպենք, հանդիպենք, կպատասխանեմ, իսկ այժմ ես եկել եմ ցուցահանես դիտելու»:

Մեկնաբանել